ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արժույթի միջազգային հիմնադրամը ճնշում չի գործադրել Հայաստանի կառավարության վրա կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հարցում։ Այդ բարեփոխումները Հայաստանում նախապատրաստվել են տարիների ընթացքում։ Բարեփոխումենրի նպատակներից հիմնականը տարեցների շրջանում աղքատության նվազեցումն էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումները լավ մտածված և մշակված են։ «Դա, իհարկե, ազդում է բնակչության վրա, և կան շատերը, ովքեր դժգոհ են բարեփոխումից։ Սակայն բարեփոխման ընթացքը դրական է եղել, և մենք ակնկալում ենք, որ արդյունքն էլ այդպիսին կլինի։ Կենսաթոշակային բարեփոխումներ նախագծելիս ստիպված ես լինում կանգնել մի շարք բարդ ընտրությունների առաջ, օրինակ, ինչպես անել, որ բարեփոխումները չազդեն գործարար հանրության վրա։ Սակայն պետք է հիշել, որ այս բարեփոխումը կարևոր է ապագայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱՄՀ ներկայացուցիչը։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին:
Գոհար Ավետիսյան