Քաղաքականություն

ՀՀ Նախագահը Քեսաբի հարցով ելույթ կունենա Հաագայում

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը Քեսաբի հարցով ելույթ կունենա Հաագայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի հարցով Հաագայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը: «Քիչ անց Նախագահ Ս. Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սաղաթելյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ավելի վաղ հայտնել է, որ Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանի տեղահանված հայերի հարցը ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում է: Հայաստանը փորձում է ուղիներ գտնել Քեսաբից տեղահանված եւ Լաթաքիայում հանգրվանած հայերին հնարավորինս տարբեր ձեւերով օժանդակություն հասցնել: Միաժամանակ ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են ընդունել վերջին օրերին հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ միջազգային հանրությունից պահանջելով ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկել այնտեղ:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող հայկական հոծ բնակչություն ունեցող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների` Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում