Շոու բիզնես

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի երգը շարժել է ադրբեջանցիների նախանձը

3 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի երգը շարժել է ադրբեջանցիների նախանձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Արամ Mp3-ի երգի աննախադեպ հաջողությունը համացանցում և մրցույթի երկրպագուների շրջանում արդեն հասցրել է նախանձի առիթ դառնալ հարևան Ադրբեջանի համար: Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ սկսել են լուրեր տարածել այն մասին, թե հայաստանյան պատվիրակի երգն ստեղծվել է եվրոպական հեղինակների կողմից, ինչն էլ պայմանավորում է դրա աննախադեպ հաջողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Haqqin.az-ը այս թեմայով հատուկ վերլուծական հոդված է պատրաստել:

Ծիծաղելի է կարդալ հոդվածի հեղինակի վերլուծությունն ու եզրակացությունը երգի ստեղծման և դրա շարժառիթների ու քաղաքական ենթատեքստի վերաբերյալ: «Ակնհայտ է, որ հայերը բացահայտ փորձում են հայտարարել այն մասին, որ այն ստեղծվել է բացառապես Հայաստանում: Մասնավորապես, նշվում է, որ երաժշտությունը գրել է հենց ինքը` երգիչը, իսկ խոսքերի հեղինակը նրա ընկեր Գարիկ Պապոյանն է: Սա ակնհայտ ուղերձ է Ադրբեջանին. «Ահա, տեսեք, մենք փող չունենք, սակայն փոխարենը մենք տաղանդավոր ենք»: Սակայն ցանկացած մարդ, ով կապ ունի երաժշտության և ձայնագրման հետ, կարող է ձեզ ասել, որ նման պրոֆեսիոնալ գործիքավորում (և առհասարակ նման երգ) հնարավոր է ստեղծել միայն լավ եվրոպական ստուդիայում, ծայրահեղ դեպքում` ինչ-որ տեղ Թուրքիայում»,- վերլուծում է հոդվածի հեղինակը: Նա կոչ է անում համեմատականներ տանել Արամի մյուս երգերի հետ և զգալ դրանց միջև առկա տարբերությունը:

Խոսելով ադրբեջանական երգի մասին, հոդվածի հեղինակը խոստովանում է, որ ադրբեջանուհու կատարման ժամանակ դուդուկի հնչելն ակնհայտ «ոչ մեծ քաղաքական ռումբ» է իր մեջ պարունակում:

«Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է` ավելի քան 1 միլիոն դիտում ցուցանիշով: Բացի այդ, բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում