Հասարակական

Հոգեւոր հայրենիքն ու բարեկեցիկ հայրենիքը փոխկապակցված գործընթացներ են. Սերժ Սարգսյան /լրացված/

8 րոպեի ընթերցում

Հոգեւոր հայրենիքն ու բարեկեցիկ հայրենիքը փոխկապակցված գործընթացներ են. Սերժ Սարգսյան /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում տասներկու մրցանակ հանձնեց վերջին երկու տարվա ընթացքում գիտության, գրականության եւ մշակույթի ոլորտում լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների եւ աշխատանքների հեղինակներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրականության եւ հրապարակախոսության ոլորտում լավագույնը Էդվարդ Միլիտոնյանի «Է» բանաստեղծությունների ժողովածուն է: Գրականության եւ հրապարակախոսության ոլորտի հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը հավաստիացնում է, որ իրենք շատ ծանր վիճակում էին հայտնվել, քանի որ ներկայացված բոլոր աշխատանքներն էլ առանձնանում էին իրենց ուրույն ոճով: Սակայն փակ գաղտնի քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվել է Միլիտոնյանի աշխատանքը: Մրցանակը ստանալիս Միլիտոնյանը նշեց, որ պոեզիայի լավագույն աշխատանքները չեն վերահրատարակվում եւ երիտասարդ սերունդը ծանոթ չէ դրանց: Հենց այդ նպատակով բանաստեղծը որոշել է, որ ստացած դրամական պարգեւի մի մասը հատկացնելու է պոեզիայի լավագույն նմուշների վերահրատարակմանը:

Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունը լավագույնն է երաժշտության ոլորտում: Մրցանակը ստանում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է, որ թեպետ վատառողջ է եւ մրցանակաբաշխությանը եկել է ձեռնափայտով, սակայն չմասնակցել չէր կարեւոր: «Շատ մեծ պարգեւ է մի աշխատանքի համար, որը ես համարում եմ հոգու պարտք: Ծնողներս Ցեղասպանության զոհերից են, եւ այս գործը գրել եմ նրանց եւ բոլոր անմեղ նահատակների հիշատակին»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ այս տարվա ընթացքում «Ռեքվիեմ»-ը կհնչի Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում եւ Գերմանիայում:

Կերպարվեստի ոլորտում լավագույնը Աշոտ Ավագյանի «Մաշտոց» գեղանկարչական որմնանկարն է, որ գտնվում է Մատենադարան Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճում: Մրցանակը ստանալուց հետո Ավագյանը խոստովանում է. «Մեծ երջանկություն է արվեստագետի համար արժանանալ նման բարձր ընդունելության եւ պարգեւի: Սա, անշուշտ, կխթանի շատ ավելի ոգեւորված ստեղծագործելը»:

Ճարտարապետության հանձնախմբում էլ անդամների ձայները կիսվել են եւ, կանոնակարգի համաձայն, որևէ մեկը չպետք է արժանանար պետական մրցանակի: «Թևաթափ վիճակով ես այդ արձանագրությունը տվեցի Նախագահի աշխատակազմին՝ կարծելով, որ այս տարի ևս մենք պետական մրցանակ չենք ունենալու: Սակայն անակնկալ եղավ, երբ հանձնաժողովին տեղեկացրին, որ Նախագահի առաջարկությամբ, որոշվել է պետական մրցանակը հավասարաչափ կերպով բաշխել: Այսինքն՝ կիսել երկու հայտերի միջև: Հավանաբար, դրա համար նաև հիմք է ծառայել այն, որ հավասար ձայներ էին ստացել երկու հանրային հնչեղություն ունեցող օբյեկտներ, այլ ոչ թե մերժվել»,- ասաց ճարտարապետության և քաղաքաշինության հանձնախմբի նախագահ Սաշուր Քալաշյանը: Նախագահ Սարգսյանն էլ ընդգծեց, որ վարվել է խղճի մտոք և վստահ է, որ և՛ արվեստագետները, և՛ ժողովուրդը կհասկանան ու ճիշտ կըմբռնեն վերաբերմունքը մեր տաճարների նկատմամբ: «Ես անձերին չեմ շնորհել՝ ես շնորհել եմ այդ կառույցներին, որոնց անունն է Մատենադարան: Մատենադարանը մեզ համար տաճար է, և ես վստահ եմ, որ այդ երկու կառույցներն էլ, անցնելու է ժամանակ, և բոլորը մեծապես գնահատելու են: Դուք ինձնից ավագ եք, Ձեր փորձը մեծ է, Դուք շատ լավ գիտեք բոլոր հուշարձանների պատմությունը և գիտեք, որ կան հուշարձաններ, որ այսօր մենք համարում ենք մեր կյանքի բաղկացուցիչ մասը, որոնց սակայն նախկինում փնովում էին: Վստահություն ունեմ՝ ես իմ իրավունքն օգտագործել եմ: Ներողամիտ եղեք»,-դիմելով հանձնախմբի նախագահին՝ ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը: ճարտարապետության ոլորտում պետական մրցանակների արժանացան Արթուր Մեսչյանը` «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքի, վերակառուցված ճանապարհը» համալիրի եւ Արտակ Ղուլյանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկեան» մատենադարանի համար:

Թատրոնի ոլորտում այս տարի մրցանակակիրներ չեղան: Հանձնախումբը քննարկել է 7 հայտ, սակայն որեւէ մեկն արժանի չէր պետական մրցանակի:

Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում լավագույնը ճանաչվել է Սամվել Շուքուրյանի եւ Երվանտ Զորյանի աշխատանքը` «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ եւ թեստային ներկառուցվածք»:

Հումիանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատությունը լավագույնն է: Հանձնախումբը գրեթե միաձայն է կողմ քվեարկել աշխատությանը: Գիրքը հատկապես առանձնանում է 1905-1914թթ. իրադարձությունների նկարագրությամբ:

Կինոարվեստի ոլորտում լավագույնը «Փարաջանով» ֆիլմն է: Մրցանակը ստանում է միանգամից չորս հոգի` ֆիլմի ռեժիսորներ Սերժ Ավետիկյանն ու Ելենա Ֆետիսովան եւ պրոդյուսերները` Մարտուն Ադոյանն ու Թագուհի Կարապետյանը:

Պետական մրցանակների հանձնման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորելով պետության եւ հասարակության կյանքում գիտության եւ մշակույթի դերը նշեց, որ արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է: Դրանք անցնում են ժամանակի քննությունը կամ ուղղակի չեն անցում: «Բայց մեր՝ ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում և վերաբերմունք, տալ մեր գնահատականը: Այս մրցանակներով մենք ներկայանում ենք որպես հասարակություն և պետություն, որոնք արժևորում են ամենակարևորը, արժևորում են այն, ինչն ունի կամ կարող է ունենալ համազգային նշանակություն: Ես միշտ համոզված եմ եղել, որ մշակույթն` ընդհանրապես, և արվեստը՝ հատկապես, ունեն ազգաստեղծ առաքելություն: Այո, առանց Հովհաննես Թումանյանի և Արամ Խաչատրյանի մենք կարող էինք շարունակել մեր պատմական ուղին որպես ժողովուրդ, բայց այդ դեպքում, ես համոզված եմ, մենք կլինեինք մի քիչ այլ ժողովուրդ՝ պակաս հարուստ, պակաս ուժեղ: Պարզ է, որ ամեն օր Մաշտոցներ և Կոմիտասներ չեն կարող ծնվել, բայց յուրաքանչյուր սերնդի պարտքն է հետևողականորեն և նպատակասլաց կերպով շարունակել արվեստի ու գիտության զարգացումը՝ որպես ազգաստեղծ առաքելության իրականացում»,- Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ Նախագահը` հավելելով, որ «հոգևոր հայրենիք և բարեկեցիկ հայրենիք արտահայտությունները փոխկապակցված գործընթացներ են եւ մեր պարտքն է ապահովել դրանց անընդհատությունը»:

ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, գյուտերի եւ աշխատանքների հեղինակներին: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ:

Հասմիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում