ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մարտի 20-ին վերադարձել է Կոպենհագենում կայացած պատվիրակությունների ղեկավարների հանդիպումից: Նույն օրը «Մեցցո» երաժշտական ակումբում հրավիրված ասուլիսում Գասպարյանը կիսեց իր տպավորությունները` ԶԼՄ-ներին շնորհակալություն հայտնելով մեր պատվիրակ Արամ Mp3-ի «Not alone» երգի և տեսահոլովակի ակտիվ լուսաբանման համար:
«Եզակի տարիներից մեկն է, երբ զգացվում է հաղթանակի շունչր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով, պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը բոլոր ներկայացուցիչները չեն թաքցրել իրենց ոգևորությունը և շնորհավորանքներ են ուղղել կատարված աշխատանքի առթիվ:
Պատասխանելով լրագրողների հարցին` Արամ Mp3-ն նշեց, որ իր տրամադրվածությունը դրական է, և ինքը ծրագրում է գտնել մրցույթում նոր համագործակցություններ:
Անդրադառնալով իր երգին` նա կարծիք հայտնեց, որ այն ստացված է:
«Այժմ այն ժամանակահատվածն է, երբ մենք պետք է մտածենք բեմի տեսքը և ձևը, տեխնիկան և լույսը ճիշտ օգտագործելու մասին»,- ասաց մեր երկրի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ այս տարի, նախորդ տարվա նման, ժանրային առումով «Եվրատեսիլ-2014»-ում գերակշռում են բալլադային կատարումները:
«Մենք բոլորս էլ ջանք չենք խնայում, որպեսի հաջորդ տարի Եվրատեսիլն անցկացվի Հայաստանում, սակայն պետք չէ շատ նյարդայնանալ, որովհետև նյարդայնությունը հաճախ խանգարում է»,- ընդգծեց երգիչը` շեշտելով, որ պետք չէ մեկնել հաղթելու նպատակով, այլ պետք է ներկայանալ հնարավորինս լավ, թեթև և հաղորդակցվել բոլորի հետ: Իր կանխատեսմամբ` իր երգը կհայտնվի լավագույն հնգյակում: Բանախոսները ևս մեկ անգամ հորդորեցին չքաղաքականացնել մրցույթը, այլ ընկալել այն որպես երաժշտական տոն:
Արամ Mp3-ն հիշեցրեց, որ մարտի 27-ից «Վիտամին» հումորի ակումբի հետ մեկնելու է համերգային շրջագայության: Առաջին համերգը տեղի կունենա մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը` մարտի 29-ին` Պյատիգորսկում, իսկ երրորդը` մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը կմեկնարկեն Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և կեզրափակվեն ապրիլի 8-ին Նիժնի Նովգորոդում: Այնուհետև համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում: Ապրիլի 5-ը երգչի ծննդյան օրն է, որը հայաստանյան պատվիրակությունը կտոնի Ամստերդամում, որտեղ նաև մեծ համերգ է կայանալու:
Մրցույթի յուրքանչյուր մասնակցի ելույթից առաջ ցուցադրվող տեսաբացիկները նկարահանելու համար հաջորդ շաբաթ Հայաստան է ժամանելու նկարահանող խումբ Դանիայից:
Մրցույթի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից. այն մրցույթի youtube-յան ալիքում դիտումների քանակով ամենաառաջինն է` 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ բուքմեյքերական ընկերություններն ամենատարբեր վարկանիշային կայքերի առաջին հորիզոնականներում տեսնում են հայաստանի պատվիրակին:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի «Not alone» երգի օգտին: «Եվրատեսիլ-2014»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
Տաթևիկ Գրիգորյան