Պաշտոնական

Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Նախագահը ներկա է գտնվել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաև ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:

Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձևավորումը և մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ Նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում