ՀՀ քաղաքացիություն ստացած 21 հազար 142 անձանց թվում ֆրանսիացիներ են, ռուսներ, ամերիկացիներ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել21 հազար 142 մարդու: Նրանց հիմնական մասը նաեւ այլ երկրի քաղաքացիներ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Երկքաղաքացիների թվում նաեւ օտարերկրացիներ են եղել` ֆրանսիացիներ, ռուսներ, վրացիներ, ամերիկացիներ: «Համապատասխան ընթացակարգ անցած 106 դիմումի պատասխանը բացասական է եղել: Մերժման հիմքերը երկրի անվտանգության կարգին վտանգ ներկայացնող հիմքերն են»,- ասաց Մուրադխանյանը:
Դիմել կարող է ցանկացած անձ, իսկ պահանջվող չափորոշիչների թվում են` երեք տարվա մշտական բնակությունը, հայերենի, ՀՀ Սահմանադրության իմացությունը եւ այլն:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության տվյալներով` նախորդ տարի Հայաստանում հաշվառման վերցված օտարեկրացիների թիվը 1140 է, այդ թվում 571-ը ԱՊՀ երկրների քաղաքացի է: Մեր երկրում կացության կարգավիճակ ստացածները` 3 հազար 166-ն են, այդ թվում` 416-ն ԱՊՀ երկրների քաղաքացիներ են (186-ը` ՌԴ): Ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվել 2 հազար 279 անձի, այդ թվում` 240-ն ԱՊՀ երկրների երկրների քաղաքացիներ են, նրանցից88-ը` ՌԴ: Մշտական կացության կարգավիճակ է շնորհվել` 463, հատուկ կացության կարգավիճակ`424 մարդու:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած 21 հազար 142 անձից 740-ը` ԱՊՀ երկրների (նրանցից միայն 637-ը` ՌԴ) քաղաքացիներ են եղել: