ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շոու-բիզների ներկայացուցիչներին, Անդրեի երկրպագուներին ու պարզապես երևանաբնակներին նորաբաց Yerevan Mall-ում միավորեց երգչի «Իմ հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:
«Ինձ համար շատ կարևոր օր է այսօր: Շատ հուզված եմ, կարծես առաջին անգամ եմ ձայնասկավառակ թողարկում, բազմություն տեսնում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգին նախորդած մամուլի ասուլիսում նշեց Անդրեն:
Ձայնասկավառակը բաղկացած է 10 երգից, որոնց հեղինակը Սուրեն Կնյազյանն է: Այն նվիրված է կանանց մեկամսյակին:
Անդրեն նշեց, որ իր և Կնյազյանի համագործակցությունը սկսվել է դեռևս 2003 թվականից, և հենց նրա որակյալ երգերն է ինքը միշտ կատարել սիրով:
«Երեգերը ոչ թե անդրեական են, այլ սուրենական: Նրա ռոմատիկ երգերն են, որոնք մտան մարդկանց սրտերը: Հույս ունեմ, այս տասը երգերը ևս կընդունվեն և կսիրվեն»,- ասաց երգիչը:
Սուրեն Կնյազյանը, շնորհավորելով Անդրեին, նշեց, որ սա իր երրորդ հեղինակային ձայնասկավառակն է:
«Շատ ուրախ եմ ներկա գտնվել շնորհանդեսին: Սրտատրոփ սպասում եմ մեր ունկնդրի բարձր կարծիքին»,- ասաց Կնյազյանը:
Գործընկերոջը սատարելու էր եկել նաև երգչուհի Էմմին, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հաճախ կատարողները նախապատվություն են տալիս իրենց այն երգերին, որոնք ավելի քիչ քանակությամբ ունկնդիրներ են հավանում:
«Անդրեի երգացանկից իմ ամեսասիրված երգը եղել է «Քեզ կասեմ գլխավորը» երգը, որը շատ գեղեցիկ է»,- կարծիք հայտնեց Էմմին` հավելելով, որ դեևս չի հասցրել ծանոթանալ նոր ձայնասկավառակի ստեղծագործություններին, սակայն ուրախ է այսօր ներկա գտնվել իր ընկերոջ կողքին:
Երգիչ Անդրեն ստեղծագործում է արդեն շուրջ երկու տասնամյակ: Նա իր առաջին քայլերը սկսել է Երևանի երգի պետական թատրոնում: Անդրեն առաջին արտիստն էր, ով ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ 2006» միջազգային հեռոստատեսային մրցույթում` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
«Իմ հոգի»-ն նրա 6-րդ ձայնասկավառակն է: