6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը կնշանավորվի մի շարք միջոցառումներով և իրադարձություններով: «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է բանաստեղծին նվիրված տոնակատարություններին: Տոնական հանդիսություններ կկազմակերպվեն ոչ միայն բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում:
Կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, Շչորս Դավթյանը, 25 տարի շփվելով բանաստեղծի հետ, դարձել է Սահյանի ժառանգությունը տարածող նվիրյալներից մեկը: Դավթյանի նախաձեռնությամբ Սահյանի 100-ամյակին ընդառաջ մի շարք ուղղություններով կկազմակերպվեն միջոցառումներ, որոնց շնորհիվ մարդիկ ևս մեկ անգամ կարժևորեն և կգնահատեն բանաստեղծի թողած ժառանգությունը:
«Առաջին հերթին այս տարի գրքեր ենք հրատարակելու: Անկախ 100-ամյակից` գրքեր հրատարակելու գործընթացը վաղուց էր սկսվել: Մեր կենտրոնն արդեն 10 տարի գոյություն ունի, և մենք արդեն ավելի շատ անուն գիրք ենք տպագրել, քան Սահյանի կենդանության օրոք: Վերահրատարակել ենք նաև նրա ստեղծագործությունները: Համո Սահյանի հոբելյանի կապակցությամբ տպագրվել է նրա ստեղծագործություններն ամփոփող հատընտիր: Տպագրության ենք պատրաստում Սահյանի «Երկերի ժողովածուի» երկրորդ հատորը: Նախատեսում ենք, որ ժողովածուն լինի քառահատոր, երեք հատորներում կզետեղվեն բանաստեղծություններ, իսկ չորրորդն իր մեջ կամփոփի բանաստեղծի նամակները, հարցազրույցները, գրականագիտական հոդվածները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Շչորս Դավթյանը:
«Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը համոզված է, որ շատ կարևոր է նաև Սահյանի ստեղծագործությունների գիտական արժևորումը, որը հնարավորություն կտա ցույց տալ նրա ավանդը հայ և համաշխարհային գրականության մեջ:
«Առաջին հերթին մեր գերխնդիրն է բանաստեղծի հայրենի Լոր գյուղում ստեղծել տուն-թանգարան: Սահյանի տունը նորոգվել է հենց այդ նպատակով: Մեր խնդիրն է, որ կարողանանք այն կահավորել, բայց մի դժվարություն կա: Սահյանը սովորություն չուներ իր իրերից որևէ բան պահել, ոչինչ չի մնացել, այժմ մենք մտածում ենք, թե ինչ նմուշներ տեղադրենք թանգարանում, որպեսզի դրանք արժեք ներկայացնեն»,-փաստեց Դավթյանը:
Շչորս Դավթյանը նախատեսում է նաև թանգարանում ցուցադրել Սահյանի լուսանկարները: Կենտրոնում հավաքել են շորջ 500 լուսանկար, որոնք կտեղափոխվեն տուն-թանգարան: Համոզված է` Լոր գյուղը շատ գեղատեսիլ վայրեր ունի և կարող է դառնալ զբոսաշրջային տարածք:
«Լոր գյուղի ճանապարհին շատ հնություններ կան` կամուրջներ, եկեղեցիներ: Օրինակ` Որոտնավանքը, ինչպես նաև տարբեր այլ կոթողներ: Այստեղ ժամանակին ապրել են հայտնի մարդիկ: Ակսել Բակունցն այստեղ ուսուցչությամբ է զբաղվել, գրել իր լավագույն գործերը»,- ընդգծեց «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ նախագահը:
Շչորս Դավթյանը հույս ունի, որ այս տարի Երևանում կտեղադրվի նաև Համո Սահյանի հուշարձանը: Այն կտեղադրվի Միքայել Նալբանդյանի արձանին հարակից տարածքում: «Պետք է լուծվի գումարային հարցը, և այնուհետև այն պատրաստ կլինի»,-պարզաբանեց Դավթյանը:
Համո Սահյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ կենտրոնը հաստատել էր «Համո Սահյան» ոսկե մեդալը, որը շնորհվում է սահյանագիտության ասպարեզում ներդրում ունեցողներին:
«Այս 10 տարվա ընթացքում 30 հոգի արդեն իսկ ստացել են այս մեդալը: 100-ամյակի առթիվ ևս 10 մեդալներ կշնորհվեն մի շարք արժանավոր ներկայացուցիչների: Մեդալներ տվել ենք նրանց, ովքեր գործ են արել, լուծել են Սահյանի գրքերի տպագրության և մնացած այլ հարցերը»,-հավելեց Շչորս Դավթյանը:
Կթարմացվեն նաև Սահյանի ստեղծագործություններն ամփոփող ձայնապնակները, ինչպես նաև այն ձայնագրությունները, որոնցում հանդես է գալիս ինքը բանաստեղծը: Հոբելյանական միջոցառումների ընթացքում կցուցադրվեն նաև Սահյանին նվիրված ֆիլմեր, որոնք նկարահանվել են նախորդ տարիներին:
«Պետք է այնպես անենք, որ ամեն հայի մեջ փոքր-ինչ Սահյան ապրի, որովհետև նրա ստեղծագործություններն ապրեցնող են»,-եզրափակեց Շչորս Դավթյանը:
Բանաստեղծ Համո Սահյանը (ՀմայակԳրիգորյան) ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Սյունիքիմարզի Լոր գյուղում: 1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը: 1939-41 թթ. աշխատել է տեղի «Խորհրդային գրող» թերթի խմբագրությունում: Մասնակցել է հայրենական պատերազմին: 1945-51 թթ. աշխատակցել է Բաքվի «Կոմունիստ» թերթին, ապա տեղափոխվել Երևան: 1951-54 թթ.` «Ավանգարդ», 1954-65 թթ. «Ոզնի» պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ, 1965-67 թթ.` «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը: Առաջին գործերը տպագրվել են 1930-ականներին, սակայն գրողը ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի», «Նամակ ճակատից», «Որոտանի եզերքին» բանաստեղծություններով: 1946թ. լույս է տեսել առաջին` «Որոտանի եզերքին» ժողովածուն: Գրել է նաև հայրեններ, թարգմանել է Պուշկինի, Եսենինի, Տարկովսկու, Լորկայի և այլ բանաստեղծների գործերից: Մահացել է 1993թ. Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: