Շոու բիզնես

«Սեզար» կինոմրցանակի ժյուրին լավագույն ֆիլմ է համարել «Ես, նորից ես և մայրիկը» կինոնկարը

2 րոպեի ընթերցում

«Սեզար» կինոմրցանակի ժյուրին լավագույն ֆիլմ է համարել «Ես, նորից ես և մայրիկը» կինոնկարը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի արձանիկը ստացել է ռեժիսոր Գիյոմ Գալյեննի «Ես, նորից ես և մայրիկը» ֆիլմը: Այս ֆիլմը, որը ներկայացվել է մրցույթի միանգամից մի քանի անվանակարգերում, ստացել է նաև մրցանակ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», Գալյեննը մրցանակ է ստացել նաև «Լավագույն դերասան» անվանակարգում:

Կինոմրցանակի ժյուրիի կարծիքով 2014-ին լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռոման Պոլանսկին, որը նկարահանել է «Մորթիներով Վեներան» ֆիլմը: Ալբերտ Դյուպոնտելի «Խիստ ռեժիմի 9 ամիսները» ֆիլմը ստացել է «Սեզարի» արձանիկ լավագույն սցենարի համար: Կինոնկարն օգնել է նաև դերասանուհի Սանդրին Կիմբերլենին ստանալ մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Նիլս Արեստրուպը, որը խաղացել է Բերթրան Տավերնյեի «Օրսե նավամատույցը» ֆիլմերում: Բելգիա-հոլանդական «Բաց շրջան» ֆիլմը, որը նկարահանել է Ֆելիքս վան Գրոենգինենը, դարձել է լավագույն արտասահմանյան կինոնկար:

Երեկոյի ինտրիգը երկրորդ պլանի լավագույն դերակատարուհու մրցանակի հանձնումն էր: Անվանակարգում ընդգրկված էր նաև դերասանուհի Ժյուլի Գայեն, ով տարեսկզբին հայտնի դարձավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած սիրային կապի առթիվ, որի պատճառով Օլանդը նույնիսկ թողեց իր կնոջը: Սակայն շատերի սպասելիքները չարդարացվեցին և արձանիկն ստացավ Ադել Անելը` «Սյուզաննա» ֆիլմի դերի համար:

«Սեզար» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը` Փարիզի Շատլե երաժշտական թատրոնում: Այն հանձնվում է ամեն տարի 1967 թվականից: Հաղթողներն ընտրվում են գաղտնի քվեարկության արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում