ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դատական բժիկները որոշել են դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան ստույգ պատճառը: Դերասանը մահացել էր 47 տարեկանում: Ինչպես և ենթադրվում էր, Հոֆմանը մահացել էր թմրանյութերի մեծ չափաբաժնի պատահական չարաշահումից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով «Ռոյթեր» գործակալությունը: Դատաբժշկական փորձագետները հայտնաբերել են, որ դերասանի մահվան պատճառն է եղել թմրանյութային ուժեղ թունավորումը: Հոֆմանի օրգանիզմում հայտնաբերվել են հերոինի, կոկաինի, ամֆետամինի և բենզոդիազեպինի օգտագործման հետքեր:
Հոֆմանին մահացած էին գտել Նյու Յորքի իր բնակարանում փետրվարի 2–ին: Դերասանի մարմինը հայտնաբերել էր լոգարանի հատակին նրա ընկեր և սցենարիստ Դեվիդ Բար Կացը: Քննիչները դերասանի ձեռքում հայտնաբերել էին ներարկիչ, իսկ մարմնի կողքին գտել ծրար մի նյութով, որը նախնական որակվել էր որպես հերոին: