Ավետ Բարսեղյանը վերադառնում է Առաջին ալիք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում հեռուստադիտողները կրկին հնարավորություն կունենան դիտել հոլանդական Endemolընկերության հայտնի և սիրված հեռուստատեսային ֆորմատի հայկական տարբերակը` «Համեղ մենամարտ» հաղորդաշարը, որը կնշանավորվի ոչ միայն նոր մոտեցմամբ, այլև հաղորդավար Ավետ Բարսեղյանի` Առաջին ալիք վերադարձով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բարսեղյանը նշեց, որ Առաջին ալիքում չաշխատելու տարիներին ոչ մի օտարացում չի եղել:
«Առաջին ալիքը իմ հարազատ ալիքն է, իմ սկզբնաղբյուրը, որի հանդեպ կար աշխատանքային կարոտ»,- նշեց հաղորդավարը: Նրա գնահատմամբ, հեռուստաընկերությունում կատարված ադմինիստրատիվ, տեխնիկական փոփոխությունները բոլորովին նոր որակ են ապահովում, ինչը միանգամայն դրական է:
«Ուրախ եմ ու երջանիկ, որ մարտի 8-ից սկսած «Համեղ մենամարտը» լինելու է նոր եթերաշրջանում»,- ասաց Բարսեղյանը:
Նա նշեց, որ խոհանոցային ձևաչափը նոր, բայց և հետաքրքիր ոլորտ է իր համար:
«Համեղ մենամարտ» հաղորդման շրջանակներում հայտնիներն իրենց խոհարարական տաղանդով, հնարամտությամբ ու սեփական անձի «համ ու հոտով» մրցում են հեռուստատեսային խոհանոցում:
Նախագիծն Առաջին ալիքի եթերում է հոկտեմբերից: Նախկինում այն վարում էր ամերիկաբնակ հաղորդավար Արա Ղազարյանը:
Նախքան Առաջին ալիք վերադառնալը Ավետ Բարսեղյանը աշխատել է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերություններում: