11 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասմիկ Պապյան օպերային աստղը կրկին Հայաստանում է: Պապյանի` հարազատ երկիր ժամանելու առիթը Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումն էր, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորած երգչուհին հերթական անգամ գերեց ու հմայեց հայ հանդիսատեսին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 50-ամյա դադարից հետո հայկական բեմում կրկին հայտնված օպերան անտարբեր չթողեց ունկնդրին. ծափողջույններ, շռնդալից հաջողություն և անսահման սեր: Հասմիկ Պապյանն իր երկրում մշտապես սպասված երգչուհի է: Աննկարագրելի, անզուգական, հիասքանչ. Պապյանին բնորոշելու համար գործընկերներն ու երկրպագուները շատ հաճախ են օգտագործում հենց այս բառերը: Ինքը` բոլոր ժամանակների լավագույն հայ Նորման, չափազանց համեստ և անկեղծ անձնավորություն է: Գնահատում և սիրում է իր հարազատ ունկնդրին և լի է Հայաստանի համար միշտ ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպել է անվանի երգչուհի Հասմիկ Պապյանի հետ և զրուցել նրա հայաստանյան համերգների, հաջողությունների, սպասելիքների մասին:
-Տիկին Պապյան, մի քանի օր առաջ Դուք երկու աննկարագրելի ելույթներով հանդես եկաք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հայ հանդիսատեսի դատին ներկայացնելով Պուչինիի «Տոսկա» օպերան համերգային կատարմամբ: Հանդիսատեսի տպավորությունների մասին էին վկայում բուռն ծափողջույնները, հիացական բացականրությունները: Իսկ ի՞նչ զգացողություններ են Ձեզ պարուրում:
-Ցնցող տպավորություններ են: Ես ցնցված եմ: Ես երբեք չէի կարող երևակայել, որ Հայաստանում այսպիսի ընդունելության կարժանանամ: Դե ես հայրենիքում առաջին անգամ չեմ երգում: Բայց այսպիսի~ ընդունելություն, այսպիսի~ հանդիսատես… Սա ինձ համար ամենամեծ բացահայտումն էր: Ապրեցնող երևույթ էր: Հատկանշական է, որ «Տոսկան» մենք հայկական կազմով էինք ներկայացնում: Ես Տոսկայի դերերգը հարյուրավոր անգամ եմ կատարել, սակայն երբեք այն հայկական կազմով չեմ ներկայացրել: Երեք փորձով նման բարդագույն օպերան բեմ հանելը, այսպիսի մակարդակով ներկայացնելը իսկապես ցնցող է: Նախորդ տարի ամռանը Էդուարդ Թոփչյանի հետ որոշում էինք, թե ինչ կարելի է ներկայացնել, ես անմիջապես «Տոսկան» մտաբերեցի, քանի այն 50 տարի չի ներկայացվել Հայաստանում: «Տոսկան» այնպիսի օպերա է, որ զարդարում է ցանկացած թատրոնի խաղացանկը: Իհարկե, այն պետք է բեմադրել: Ես միայն մեկ անգամ եմ այն ներկայացրել համերգային կատարմամբ: «Տոսկան» դրամա է, այն խաղ է պահանջում, տարածություն` ցույց տալու և ամբողջությամբ արտահայտելու զգացմունքները: Մենք, իհարկե , փորձեցինք մեր հույզերին հաղորդակից դարձնել հանդիսատեսին, սակայն եթե լինեին բեմական հագուստներ, ձևավորում, եթե ես իսկապես ցատկեի Կաստել Սանտ Անջելոյից ներքև, տպավորություններն այլ կլինեին: Հույս ունեմ, որ կանդրադառնանք այս օպերային:
-Դուք պարբերաբար հանդես եք գալիս աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում: Երևանյան բեմում ապրած Ձեր զգացողությունները տարբերվո՞ւմ են մյուս բեմերում ունեցածներից:
-Հայաստանում երգելը շատ դժվար է` ցանկացած իմաստով: Նախ կլիմայական պայմաններն այստեղ բոլորովին երգելու համար չեն, քանի որ կլիման շատ չոր է: Բացի այդ, Հայաստանում երգելը շատ պատասխանատու է, որովհետև հայ ունկնդիրը կամ ընդունում է, կամ ոչ: Մեկ այլ դժվարություն էլ կա ինձ համար` ես այստեղից եմ, այստեղ եմ ծնվել, ուսանել և իրենցն եմ: Գնացել եմ, դրսում հաջողություններ եմ ունեցել, հիմա պետք է կրկնակի փաստեմ, եթե արժանի եմ դրան: Պատասխանատվության զգացումը մեծ է: Այլ է, երբ երգում ես արտասահմանում, երբ ունկնդիրը քեզ գիտի համացանցից, ձայնագրություններով, տեսել է, բայց բոլորովին այլ է, երբ դահլիճում նստածները գրեթե բոլորը քեզ ճանաչում են: Սա հավասարազոր է մեկ ներկայացումը չորս անգամ խաղալուն: Ես հենց այդքան էներգիա եմ ծախսում Հայաստանում:
-Այն բազմաթիվ բեմերից, որոնցում հանդես եք եկել, կա՞ մեկը, որը կառանձնացնեիք:
-Ինձ համար ամենասիրած թատրոնը Վիեննայի Շտատս օպերան է: Առաջին անգամ այնտեղ հանդես եմ եկել 1993 թվականին `Տոսկայի դերերգով: Երբ առաջին անգամ փորձի էի գնում, նկատեցի, որ թատրոնի մուտքի առջև հոծ բազմություն էր հավաքվել: Կարծեցի, որ ինչ-որ վթար է տեղի ունեցել, բայց պարզվեց, որ եկել են իրենց նոր Տոսկային հաջողություն մաղթելու, ինքնագրեր վերցնելու, լուսանկարվելու: Հասկացա, որ եթե Երևանում չեմ ապրելու, Վիեննան այն քաղաքն է, որտեղ կցանկանամ լինել: Վիեննայի օպերային թատրոնի հանդիսատեսը բացառիկ է, մարդիկ կարող են ժամերով հերթ կանգնել մուտքի տոմսեր գնելու համար, դիտել ներկայացումը, հետո երկար ժամանակ ծափահարել: Սա բացառիկ երևույթ է: Շատ եմ սիրում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Սիրում եմ նաև երգել Ֆրանսիայում, որովհետև ֆրանսիացի հանդիսատեսը շատ օբյեկտիվ է. եթե չի հավանում` չի ծափահարում: Իհարկե, շատ քաղաքակիրթ են: Ինձ հետ նման դեպք չի եղել, բայց եղել են բեմադրություններ, որ չեն ընդունվել հանդիսատեսի կողմից: Դա շատ սթափ է պահում:
-Տիկին Պապյան, Ձեզ մշտապես անվանում են «բոլոր ժամանակների լավագույն Նորմա»: Հայաստանում վերջին անգամ ե՞րբ եք հանդես եկել Նորմայի դերերգով:
-Հայաստանում վերջին անգամ 2002-ին եմ Նորմա երգել: Նորմա քիչ են բեմադրում, որովհետև դրա համար անհրաժեշտ է գլխավոր դերակատարուհի ունենալ: Օրինակ` Ֆրանսիայում վերջին Նորման եղել է Մոնսերատ Կաբալյեն: Մեծ պատասխանատվություն է, և ամենամեծ դժվարությունն այն է, որ ուզած-չուզած պետք է համեմատվես Մարիա Կալլասի հետ: Նորմա երգելը օրհնություն է: Երեք ժամ դու անդադար բեմի վրա ես: Երգեցողությունը պահանջում է կենտրոնացում, ուժերի լարում, ոչ մի վայրկյան չես կարող թուլանալ, որովհետև կարող ես կորցնել ելևէջները: Նորմա երգելու համար երեք տեսակի ձայն է անհրաժեշտ:
-Կա՞ մի դերերգ, որով Հասմիկ Պապյանը հանդես չի եկել, սակայն կցանկանայիք կատարել:
-Այն դերերը, որ կուզենայի կատարել, երգել եմ: Վերջերս կատարեցի իմ ամենաերազած դերը` մարմնավորեցի Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի գլխավոր դերը: Սա ինձ համար ամենամեծ երազանքն էր, որ կատարվեց: Հիմա պատրաստվում եմ ներկայացնել Շտրաուսի ստեղծագործությունը: Կուզենայի երգել նաև Վագների «Լոենգրին» օպերայում` Էլզայի դերերգը:
- Դուք բեմո՞ւմ եք գտնում Ձեր երջանկությունը:
-Երջանկությունը բեմում է և այն այս պահն է: Հիմա, որ մենք խոսում ենք, ևս երջանկություն է: Պարզապես պահերը չեն կրկնվում: Բեմում գտնվելը ամենամեծ պարգևն է:
-Ձեր դուստրն ինչպե՞ս է, ինչո՞վ է զբաղվում:
-Իմ դուստրը Վիեննայի գիմնազիայում է սովորում, տասներկու տարեկան է: Շատ ավելի ընդունակություններ ունի ճշգրիտ գիտությունների բնագավառում: Դաշնամուր է նվագում, բայց դեռ չենք կարող ասել, թե ինչ ուղղությամբ կգնա: Երբեք չենք ստիպում ոչինչ, նա շատ ազատ է իր ընտրության մեջ: Ես` որպես մայր, չէի ցանկանա, որ նա երգչուհի դառնար, որովհետև սա շատ դժվար ճանապարհ է, բոլորը չէ, որ հասնում են հաջողության: Նա դեռ չծնված` երաժշտության աշխարհում է եղել, ես նրա հետ շատ-շատ եմ երգել: Ծնվելուց հետո էլ եմ երգել, և նա մինչև վեց տարեկանն ինձ հետ ճամփորդել է, անգիր գիտեր իմ խաղացանկը: Այժմ իր դասերով է զբաղվում: Ամենակարևորը, որ երջանիկ լինի իր ընտրած մասնագիտության մեջ:
-Դժվարությունները մշտապես ուղեկցում են տարբեր մարդկանց իրենց կյանքի ճանապարհին: Ձեր կյանքում ի՞նչ դժվարությունների եք բախվել:
-Ամենամեծ դժվարությունը սկիզբն էր: Երբ ես սկսեցի կարիերաս, մենք դեռ ապրում էինք Սովետական իշխանության ներքո: Ունկնդրումների և մրցույթների գնալու համար մենք մի քանի աստիճան պետք է անցնեինք: Հայաստանը փոքր երկիր էր, շատ սահմանափակ տեղեր էին տալիս մեզ: Նույնիսկ լսումներին մասնակցելու համար մենք պետք է ունենայինք տարբեր բնութագրեր, որոնք ներկայացնում էին նույնիսկ մեր բարոյական նկարագիրը: Երգելը վերջին պլանում էր: Հազարավոր դռներ եմ թակել և մեծ ճանապարհ եմ անցել:
-Ձեր ամուսնու հաջողությունները հայերենի ասպարեզում ինչպե՞ս են: Տեղյակ եմ, որ հայերեն էր սովորում:
-Հայերեն ոչ թե սովորում է, այլ արդեն փայլուն տիրապետում է մեր լեզվին: Մենք արդեն 22 տարի ամուսնացած ենք, նա նույնիսկ Չարենցի բանաստեղծությունները թարգմանեց գերմաներեն և հրատարակեց: Մեր ընտանիքի լեզուն հայերենն է, մենք տանը հայերեն ենք խոսում:
-Դուք հայկական մշակույթի դեսպանն եք ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կոչմանը: Պարտավորեցնո՞ղ է:
-Չգիտեմ` որքանով է պարտավորեցնող, բայց ամենուր, որտեղ ելույթ եմ ունենում, գրվում է` երգչուհին Հայաստանից է: Անունն ասում է ամեն ինչ: Ամենամեծ հաճոյախոսությունն ինձ համար այն է, երբ ինձ հարցնում են`Դուք իսկապե՞ս Հայաստանում եք սովորել: Ես հպարտությամբ պատասխանում եմ` այո:
-Հայաստանում այսօր օպերային արվեստի լավ ներկայացուցիչներ ունե՞նք:
-Ունենք շատ լավ ներկայացուցիչներ և շատ լավ սերունդ, որ երգել է ցանկանում: Պարզապես հարկավոր է նրանց ամեն կերպ քաջալերել և խրախուսել: Երկիրը պետք է հոգ տանի իր երիտասարդ սերնդի մասին: Ուղղակի ապշած եմ, որ նման երիտասարդություն ունենք, նման նվագախումբ, ինչպես Ֆիլհարմոնիկն է: Հարկավոր է նրանց փայփայել, որովհետև նրանք են ներկայացնում մեր երկիրը: Մենք նաև շատ լավ ունկնդիր ունենք, հատկապես շատ են դասական երաժշտություն լսող երիտասարդները: Դասական երաժշտություն լսող երիտասարդը չի կարող ագրեսիվ լինել, որովհետև այն ազնվացնող և մաքրող հատկություն ունի:
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները` Հասմիկ Պապյանի անձնական արխիվից