Շոու բիզնես

Լոնդոնում բացվում է նորաձեւության շաբաթը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում բացվում է նորաձեւության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում փետրվարի 14-ին բացվում է նորաձեւության շաբաթը, որի ընթացքում ավելի քան 80 մոդելյորներ հյուրերի ուշադրությանը կներկայացնեն 2014 թվականի աշնան-ձմռան իրենց հավաքածուները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տարի աշխարհահռչակ տարազագործների եւ նորաձեւությունների տների հետ մեկտեղ դրան կմասնակցեն 56 սկսնակ դիզայներներ 15 երկրներից, ինչպես նաեւ 150 առեւտրանիշներ:

Հիմնական միջոցառումները տեղի կունենան Սոմերսեթ-հաուսում՝ Լոնդոնի Սթրենդ փողոցի՝ դասական ոճով կառուցված պատմական պալատում: Այս շենքում են գտնվում մի քանի թանգարաններ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի նորաձեւության խորհրդի կենտրոնակայանը:

Հնգօրյա միջոցառման կազմակերպիչներն սպասում են ավելի քան հինգ հազար պոտենցիալ գնորդների եւ լրագրողների ամբողջ աշխարհից:

Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամեն տարի նորաձեւության շաբաթվա պատվերները, որոնց երկու երրորդը ներկայացնում են արտասահմանյան գործընկերները, Մեծ Բրիտանիային բերում են շուրջ 100 միլիոն ֆունտի (գրեթե 165 միլիոն դոլարի) եկամուտ: Հիմնական գնորդներն, ինչպես նշում են կազմակերպիչները, Չինաստանի, Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի ներկայացուցիչներն են:

Լոնդոնում նորաձեւության շաբաթը նորաձեւության չորս հիմնական համաշխարհային շաբաթներից (Փարիզ, Միլան, Նյու Յորք) մեկն Է եւ տեղի Է ունենում տարին երկու անգամ (փետրվարին եւ սեպտեմբերին):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում