Տնտեսություն

ԱՊՀ անդամ պետությունները համատեղ ծրագիր կիրականացնեն զբոսաշրջության ոլորտում

4 րոպեի ընթերցում

ԱՊՀ անդամ պետությունները համատեղ ծրագիր կիրականացնեն զբոսաշրջության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անկախ պետությունների համագործակցության երկրներում հայտարարված զբոսաշրջության տարվա շրջանակներում մշակվել է համատեղ ռազմավարություն, որով նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր ԱՊՀ տարածքում զբոսաշրջության զարգացման համար։ Ինչպես Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այս տարի համատեղ աշխատանքներ են տարվելու նախկին Խորհրդային Միության երկրները միջազգային զբոսաշրջության մեջ մրցունակ դարձնելու համար։ «Մեզ մոտ արդեն կա համատեղ աշխատանքի փորձ, իսկ 2014 թվականը, որպես զբոսաշրջային տարի, կնպաստի դրան։ Հայաստանում կկայանան տարբեր միջոցառումներ ու փառատոններ, որոնց թվում են Խորովածի ու Գինու փառատոնները, «Օձունի գանձերը» փառատոնը, Գորգերի փառատոնը և այլն։ Դրանց մասին տեղեկատվությունը կտրամադրվի ԱՊՀ անդամ պետություններին, որոնք կկարողանան մասնակցություն ունենալ այդ փառատոններին։ Հայաստանում վերջին 13 տարվա ընթացքում ավելի քան 20 անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Մեզ մոտ կան զբոսաշրջության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, և այժմ էլ շարունակվում է ենթակառուցվածքների բարելավումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ապրեսյանը։

ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Վալերի Կորոտկինը, խոսելով մշակված ռազմավարության մասին, ասաց, որ դա հստակ ուղղություն է մատնանշելու ԱՊՀ անդամ պետություններին՝ զարգացնելու համար զբոսաշրջության ոլորտը։ «Դրա նպատակն է համատեղ ուժերով ակտիվացնել տուրիզմը նախկին Խորհրդային Միության տարածքում, որպեսզի դրսից եկող զբասաշրջիկների համար այն հետաքրքիր և հարմար լինի։ Աշխատանքներ կտարվեն ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաև մշտական վերլուծության կենթարկվեն ԱՊՀ ժամանող զբոսաշրջային հոսքերը, որպեսզի հասկանանք մեր բացթողումները։ Նախատեսվում է բարձրացնել նաև սպասարկման և ծառայությունների մակարդակը»,-ասաց Կորոտկինը։

Տեսակամրջին մասնակցող Ղազախստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պաշտոնյաները ևս կարևորեցին ենթակառուցվածքների բարելավման համար անհրաժեշտ աշխատանքները՝ նշելով, որ հարկավոր է հարմարավետ պայմաններ ստեղծել տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար։ «Մեր առաջարկած տուրպրոդուկտը պետք է հետաքրքիր և մատչելի լինի։ Մեզ անհրաժեշտ է զարգացնել նոր զբոսաշրջային ուղղությունները ԱՊՀ երկրներում»,-ասաց Մոլդովայի զբոսաշրջության գործակալության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Ռուսուն։

Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ուղղություններից մեկը։ 2013 թվականին Հայաստան է ժամանել 924 հազար 965 զբոսաշրջիկ։ 2012 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.7 տոկոսով։ 2013 թ. հունվար- դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 906 հազար 154 մարդ կամ 2012 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.3 տոկոսով: 2012 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն էին ժամանել 843 330 զբոսաշրջիկներ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 11.3 տոկոս աճ: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել էին 806 555 մարդ, կամ 2011 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել էր 12.8 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում