ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի երեկոյան եթերում ցուցադրվող, սիրված «Երգ երգոց» հաղորդումը չորս տարեկան է: Հայկական հեռուստաեթերի ամենապահանջված երաժշտական նախագիծը արդեն չորրորդ տարին է` հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին: Հաղորդավար Խորեն Լևոնյանն ամեն ելույթից առաջ իր ուրույն մեկնաբանությամբ ներկայացնում է երգն ու կատարողին, իսկ նախագծի ընթացքում տաղավարում ներկա երաժշտագետները, կոմպոզիտորներն ու մտավորական հյուրերը քննարկում են հնչած երգերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոնյանը նշեց, որ նախագծի հաջողության գրավականն, իր կարծիքով, թիմային միասնական աշխատանքի արդյունք է:
««Երգ երգոցը» իսկապես մեծ գիտելիքներ է տալիս, կան երգեր, որոնք ինքս էլ երբէ նախկինում չէի լսել: Արդեն չորս տարեկան ենք: Մեծ պատիվ է, որ նախագծը ոչ միայն մեզ, այլև ամբողջ հայ ազգին շատ մեծ բան է տալիս»,- ասաց հաղորդավարը` կես կատակ, կես լուրջ հույս հայտնելով, որ հաղորդումը առաջիկայում կնշի ոչ միայն ստեղծման 4, այլև 44 տարիները:
Պրոդյուսեր Աննա Գրիգորյանը, հետեդարձ հայացք նետելով, նշեց, որ 2010 թվականի փետրվարի 9-ին առաջին անգամ եթեր մտնելով, իրենք երբևէ չէին պատկերացնի, թե ինչ ընթացք կունենա նախագիծը:
«Եթերում կար ազգային, ժողովրդական , ազգագրական երաժշտություն ներկայացնելու բացը»,- ընդգծեց պրոդյուսերը: Նա նկատեց, որ պատահական չէ, որ չորս տարիների ընթացքում չի փոխվել նաև նախագծի ստեղծագործական խումբը` սցենարիստը, ռեժիսորը, հաղորդավարը:
«Չորրորդ տարին է, ինչ աշխատում ենք միասին: Կցանկանամ հաղորդմանն անխափան եթեր, որպեսզի նույն նվիրումով և նույն պրոֆեսիոնալիզմով աշխատենք»,- ասաց Գրիգորյանը, ում համոզմամբ` նախագիծը առանձնանում է իր ուսուցողական, դաստիարակչական բնույթով, ինչպես նաև ամենատարբեր երգերի գրագետ և ճիշտ մատուցմամբ:
«Մենք հասել ենք մի կետի, երբ բոլորը գիտեն մեր նախագծի անվանումը: Միգուցե ինչ-որ մեկը չի հավանում, իր սրտով չէ, բայց անվանումը գիտեն բոլորը»,- ուրախությամբ հավելեց պրոդյուսերը` վստահեցնելով, որ առաջիկայում էլ այն իր` որակյալ երաժշտություն ներկայացնելու առաքելությունից չի շեղվելու:
«Երգ երգոց» երաժշտական նախագիծը հյուրախաղերով է հանդես եկել Բեյրութում Ստեփանակերտում, ԱՄՆ-ում:
«Երգ երգոց» նախագծում էստրադային աստղերի կատարմամբ հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածների երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով:
Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: