ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային հեռուստաընկերություններն այսուհետ ավելի մեծ պատասխանատվություն կկրեն քվերակությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Վերահսկող խումբը` մրցույթը ղեկավարող մարմինը, ելնելով Եվրոպական հեռարձակողների միության անցկացրած պաշտոնական հետազոտության վրա, ըստ որի` 2013 թվականին հեռուստատեսային քվերակության արդյունքների վրա ազդելու անազնիվ փորձեր են արվել:
Հետազոտությունը հաստատել է, որ նման փորձեր արվել են, բայց, մրցույթի կանոնների համաձայն, դրանց արդյունքներն անվավեր են համարվել: Զեղծարարության մեջ հեռուստաընկերությունների մասնկացության մասին ապացուցյներ չեն հայտնաբերվել:
Եթե մրցույթի ընթացքում կամ դրանից առաջ և հետո քվեարկության խախտումներ գրանցվեն, Վերահսկող խումբը ավտոմատ կերպով գործընթաց կսկսի, որով կանոնները խախտողին մրցույթից կհեռացնի երեք տարով:
«Ինչպես ֆուտբոլային ակումբներն են պատասխանատվություն կրում իրենց երկրպագուների արարքների համար, նույնպես մենք ամեն գործի համար առանձին պատասխանատվության կկանչենք հեռարձակողներին` ստիպելով նրանց կանխել իրենց երգի օգտին կատարաված խախտումները»- ասել է Վերահսկող խմբ նախագահ Ֆրանկ Դիթեր Ֆրայլինգը:
«Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողին ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողը` 50/50 հարաբերակցությամբ: Այս մրցույթում տեղ չկա արդյունքների վրա անազնիվ ճանապարհով ազդելու կազմակերպված փորձի համար»,- ասել է մրցույթի գործադիր ղեկավար Ջոն Օլա Սանդը: