Հայ-չինական քաղաքական հարաբերություններում որեւէ անհամաձայնություն կամ տարաձայնություն գոյություն չունի. ՀՀ դեսպան

12 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այս համատեքստում պատահական չի համարում, որ Ասիայի տարածաշրջանում իր առաջին դեսպանությունը Հայաստանը հիմնել է հենց Պեկինում: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձավ հայ-չինական հարաբերություններին, տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությանը:

-Ի՞նչ կասեք հայ-չինական քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակի մասին:

-Պետք է նշեմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրները բարեկամության և փոխադարձ վստահության հիման վրա հսկայական ծավալի աշխատանք են կատարել՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում մեր հարաբերությունները համապարփակ կերպով խորացնելու ուղղությամբ: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չինաստանը մշտապես ունեցել է հավասարակշռված դիրքորոշում. Չինաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է ԼՂ հիմնախնդրի միայն խաղաղ կարգավորմանը: Հայաստանն էլ իր հերթին ճանաչում է մեկ Չինաստանի քաղաքական սկզբունքը և սատարում նրա ներքին և արտաքին քաղաքական կուրսին, ինչը գոհունակությամբ և երախտագիտությամբ է ընկալվում Չինաստանի կառավարության կողմից:

Մեր երկրներն ունեն համընկնող կամ միանման մոտեցումներ մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մենք ակտիվ գործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս ամենը հիմք է տալիս փաստելու, որ այսօր հայ-չինական քաղաքական հարաբերություններում որևէ անհամաձայնություն կամ տարաձայնություն գոյություն չունի: Այդ մասին բազմիցս հստակ հայտարարվել է ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակ:

-Ի՞նչ բարձրաստիճան հայ պաշտոնյաներ են այցելել Չինաստան վերջին 5 տարիների ընթացքում և ի՞նչ չինական պատվիրկություններ է ընդունել պաշտոնական Երևանը:

-Վերջին 5 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազնաթիվ պաշտոնական և աշխատանքային փոխայցելություններ: Մասնավորապես, Չինաստան են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդ որում երկու անգամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, երկու աշխատանքային այց է ունեցել ՀՀ վարչապետը: Պեկին են ժամանել նաև ՀՀ փոխվարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, կրթության և գիտության նախարարները, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ԱԱԽ քարտուղարը, Երևանի քաղաքապետը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, վերահսկիչ պալատի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Առանձնահատուկ պետք է նշեմ, որ 2013 թվականի նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կատարեց Պեկին, Շանհայ, Գուանջոու և Հոնկոնգ քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ տեղի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պեկինում Վեհափառ Հայրապետն օրհնեց դեսպանության տարածքում վերջերս տեղադրված Չինաստանում առաջին հայկական խաչքարը:Չինական կողմից ևս բազմաթիվ այցեր են իրականացվել Հայաստան: Կարելի է առանձնացնել Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունի, ՉԺՀ արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիի պաշտոնական այցերը: Հատկանշական է, որ 2011թ. Լի Չանչունին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված էին շուրջ 60 անդամներ, այդ թվում` ՉԺՀ կոմերցիայի և մշակույթի նախարարները, փոխնախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության և հայաստանյան մի շարք քաղաքական կուսակցությունների միջև ևս հաստատվել են սերտ կապեր և պարբերաբար տեղի են ունենում փոխայցելություններ:

-Պարոն դեսպան, երկու երկրների հարաբերությունները բնութագրելու առումով չափազանց կարևոր նշանակություն ունի համագործակցության տնտեսական բաղադրիչը, ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ:

-Առևտրատնտեսական կապերը մեր երկրների միջև դինամիկ կերպով զարգանում են: Չինաստանը Հայաստանի առևտրային կարևորագույն գործընկերներից է: Գործում է միջկառավարական առևտրատնտեսական համատեղ հանձնաժողով և երկու տարին մեկ անգամ փոխադարձաբար Երևանում և Պեկինում անցկացվում են հանձնաժողովի նիստեր: Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այսպես, եթե 2008-ին Հայաստանից արտահանումը կազմում էր ընդամենը 1,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 169,4 մլն, ապա 2013-ի արդյունքներով, ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների, արտահանումը կազմել է 68,8 մլն, իսկ ներմուծումը՝ 187,3 մլն ԱՄՆ դոլար:

Հայ-չինական համագործակցության արդյունավետության վառ օրինակ կարելի է համարել Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկությունը, որի հանդիսավոր բացումը տեղի ունացավ 2010թ. Չինաստանի Շանսի նահանգում՝ ՀՀ Նախագահի մասնակցությամբ: 2012թ. Երևանում բացվել էր մեղվաբուծության և մեղվամթերքի արտադրության ՙՙԱնուշակ՚՚ հայ-չինական համատեղ ձեռնարկությունը, որի մասնաճյուղի բացումը վերջերս տեղի ունեցավ Չինաստանի Շանդուն նահանգում: Մեծ բավականությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանում արտադրված օրգանիկ մեղրի առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Չինաստան: Ծրագրվում է ևս մի քանի համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանում, այդ թվում բազալտե մանրաթելերի և ինուլինի արտադրության: Չինացի գործարար շրջանակների հետ մշտապես տարվում են աշխատանքներ Հայաստանում տարբեր ներդրումային նախագծերին նրանց ներգրավելու ուղղությամբ:

Երկկողմ տնտեսական համագործակցությունն ու առևտուրը խթանելու առումով կարևոր իրադարձություն եմ համարում նաև 2011թ. Երևանում անցկացված հայ-չինական գործարար համաժողովը, որը մասնակիցների թվաքանակով և մակարդակով այս բնագավառում ամենաներկայացուցչականն էր:

Միաժամանակ հարկ է նշել, որ ի տարբերություն քաղաքական հարաբերությունների, մեր տնտեսական կապերի խորացման համար դեռևս լիովին չի օգտագործվում առկա ներուժը: Այս առումով նոր հնարավորություններ կարող է ընձեռել 2013թ. սեպտեմբերին հայկական տաղավարի հիմնումը չինական Թայջոու քաղաքում մշտապես գործող միջազգային տոնավաճառում, որը ապահովում է օտարերկրյա ապրանքատեսակների մուտքը չինական շուկա: Այնտեղ ցուցադրման են ներկայացված մեր կոնյակը, գինին, ինչպես նաև հյութեր և պահածոներ: Այսօր հայաստանյան արտադրողները պարբերաբար մասնակցում են ՉԺՀ տարբեր քաղաքներում անցկացվող տարաբնույթ տոնավաճառների և ցուցահանդեսների:

Իհարկե, երկկողմ առևտրի ծավալների դանդաղ աճը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով, այդ թվում մեր երկրների միջև մեծ հեռավորությամբ և փոխադրումների թանկությամբ: Այս ուղղությամբ ևս ներկայումս բանակցություններ են ընթանում չինական ավիաընկերությունների հետ՝ Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ կազմակերպելու հարցի շուրջ:

-Պարոն Սարգսյան, կխնդրեի անդրադառնալ նաև համագործակցությանը կրթական և մշակութային ոլորտներում:

-Հարաբերությունների զարգացման առումով անմասն չեն մնում նաև գիտակրթական և մշակութային ոլորտները: Նշեմ, որ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում մեր երիտասարդները ուսանում են ՉԺՀ առաջատար բուհերում, իսկ Հայաստանում ունենք ուսանողներ Չինաստանից: Երևանում մեծ հաջողությամբ գործում է Կոնֆուցիուսի կենտրոնը: Մոտ ապագայում կունենանք մի շատ կարևոր կապող օղակ ևս. Երևանում Չինաստանի կառավարության օժանդակությամբ կկառուցվի չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոց:

Ամեն տարի, հաջորդաբար Հայաստանում և Չինաստանում, անց են կացվում մեր երկրների մշակութային օրեր: Կազմակերպվում են տարաբնույթ ստեղծագործական համույթների ելույթներ, կերպարվեստի նմուշների ցուցահանդեսներ: Օրինակ, հաջորդ ամսվա ընթացքում Երևանում համերգներով հանդես կգա Չինաստանի հաշմանդամների համույթը, որն իր տեսակի մեջ եզակի է:

-Ի՞նչ կասեք Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակության մասին:

-Ամեն տարի Չինաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրում է մեծածավալ ֆինանսական օժանդակություն: Այդ օգնության շնորհիվ է, որ Երևանում հայտնվեցին չինական արտադրության քաղաքային ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները: Անցյալ տարեվերջին Հայաստան բերվեց սահմանային անցակետերում բեռների ստուգման համար նախատեսված արդիական շարժական զննիչ սարքը: Ի դեպ, Հայաստանի զինված ուժերը նույնպես որոշակի օժանդակություն են ստանում Չինսատանի ազգային պաշտպանության նախարարության կողմից:

-Ասացեք, խնդրեմ, քանի՞ հայ կա այսօր Չինաստանում և ինչո՞վ են նրանք զբաղվում:

-Ներկայումս Չինաստանի մեծ քաղաքներում՝ Պեկինում, Շանհայում, Գուանջոույում, Հոնկոնգում ուսանում կամ աշխատում են ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 500 հայեր: Ասեմ, որ 2013թ. Հոնկոնգում բացվեց տարածաշրջանի առաջին հայկական կենտրոնը, որը նպատակ ունի համախմբելու ոչ միայն Չինաստանում, այլև տարածաշրջանի մյուս երկրներում բնակվող հայերին: Կենտրոնի բացմանը մասնակցեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

-Քանի՞ հոգուց է բաղկացած ՉԺՀ ում ՀՀ դեպսանությունը և քանի՞ երկիր է այսօր սպասարկում Պեկինում մեր ներկայացուցչությունը:

-Զուտ դիվանագիտական անձնակազմը փոքրաթիվ է. բացի դեսպանից այստեղ աշխատում է ընդամենը երեք դիվանագետ: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ բացի Չինաստանից, համատեղության կարգով դեսպանությունը մինչև վերջերս սպասարկում էր Սինգապուրի Հանրապետությանը, Կորեայի Հանրապետությանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությանը: Անցյալ տարվա օգոստոսին Վիետնամում բացվեց ՀՀ դեսպանություն, իսկ այս տարվա հունվարին Կորեայի սպասարկումը հանձնվեց Ճապոնիայում մեր դեսպանությանը: Միաժամանակ մեր դեսպանությունն այս տարի ստանձնում է մի նոր երկրի՝ Մոնղոլիայի սպասարկումը, որտեղ մինչ այդ Հայաստանը հավատարմագրված դեսպան չի ունեցել: Այս երկրների հետ հարաբերությունների առնչությամբ ասեմ, որ 2012թ. մարտին իրականացվել է ՀՀ Նախագահի պետական այցը Սինգապուր, նույն թվականի հունիսին կազմակերպվել է նրա պաշտոնական այցը Վիետնամ: Իսկ նույն տարում ՀՀ Նախագահն այցելել է Կորեայի Հանրապետություն, ուր աշխարհի ավելի քան 60 երկրների ղեկավարների հետ միասին մասնակցել է միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Նշված երկրներ վերջին տարիների ընթացքում պաշտոնական այցեր է իրականացրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարը: Վերջում կցանկանայի ավելացնել, որ չնայած մշտական ծանրաբեռնվածությանը, դեսպանության բոլոր դիվանագետները հաճույքով ու նվիրվածությամբ են կատարում իրենց վրա դրված բարդ և միաժամանակ հետաքրքիր պարտականությունները:

-Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա