ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին դարձել է Twitter միկրոբլոգերի առաջին օգտատերը, ում հետևողների թիվն անցնում է 50 միլիոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Mashable կայքը: Հայտնի երգչուհուց հետ չի մնում կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը, ով ունի 49,2 միլիոն հետևող: Ամերիկյան շոուբիզնեսի աստղերն առաջին տարին չէ, որ մրցում են: Նախորդ տարվա հունիսին կանադացին դարձել էր 40 միլիոն հետևողներով առաջին միկրոբլոգերը: Արդեն տարեվերջին Փերին հակահարված հասցրեց` զրկելով Բիբերին ամենահայտնի միկրոբլոգերի կոչումից:
Ինքը` Բիբերը, ամենահայտնի միկրոբլոգերն էր մեկ տարուց պակաս: Հունվարին նա Twitter-ի առաջին հորիզոնականն էր վերցրել մեկ այլ ամերիկացի երգչուհուց` Լեդի Գագայից: Այն ժամանակ նա ուներ մոտավորապես 33 միլիոն հետևող: Այսօր Լեդիչ Գագան զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը` զիջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Քեթի Փերին հայտնի է դարձել 2007 թ-ին, երբ թողարկել է իր I kissed a girl երգը, որը դարձել է միջազգային հիթ և զբաղեցրել առաջին հորիզոնականը մի շարք երկրներում: Այս պահին երգչույին ունի 4 ձայնասկավառակ: Նա պարբերաբար հայտնվում է ամենասեքսուալ կանանց ռեյթինգային ցուցակում: