Դեսպան Ջոնաթան Էյվսն Էջմիածնում այցելել է Ջոն Մաքդոնալդի շիրիմին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսն այցելել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքին կից գերեզմանատանը թաղված բրիտանացի փոխգնդապետ սըր Ջոն Մաքդոնալդի շիրիմին: «Դեսպան լինելու առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն ես ունենում ուսումնասիրել տվյալ երկրի պատմությունն ու մշակույթը: Պատմություններից մեկը, որ ինձ հիացրեց Հայաստանում՝ սըր Ջոն Մաքդոնալդի մասին է, իր ժամանակների որոշ դրամատիկ, պատմական իրադարձություններում նրա դերի և Հայաստանի հետ նրա կապերի մասին»,- «Արմեպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Սըր Ջոնը 1818թ.-ին հեղինակել է ամենավաճառված գրքերից «Պատմություն 1813-14թթ Փոքր Ասիա, Հայաստան, Քրդստան կատարած այցելության մասին» աշխատությունը: 1824թ.-ին նա նշանակվել է Պարսկաստանի շահիՀնդկաստանում Բրիտանական գաղութի վարչակազմի լիազոր դեսպանորդ: Իսկ 1828թ.-ին ներգրավված է եղել Թուրքմենչայի պայմանագրի բանակցություններին, որը հաստատել է Արաքս գետի երկայնքով Ռուսական կայսրության և Պարսկաստանի (ներկայիս Իրան) միջև սահմանը, որը մինչ օրս Հայաստանի և Իրանի միջև սահմանն է:
Նա լավ հարաբերություններ է ունեցել ռուս հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի հետ, ով 1828թ.-ին եղել է Պարսկաստանում ռուսական ցարի լիազոր նախարարը: Հակառուսական խմբի կողմից Գրիբոյեդովի սպանությունից հետո, գրողի կինը՝ Նինո Ճավճավաձեն որոշ ժամանակ ապրել է Թեհրանում՝ սըր Ջոնի կնոջ մոտ:
Սըր Ջոնը մահացել է Թավրիզում, 1830թ.-ին: Հետագայում նրա շիրիմը հայտնվել է Էջմիածնում:Անորոշ է, թե ինչ հանգամանքներում է Ջոն Մաքդոնալդի շիրմաքարը տեղափոխվել Հայաստան: