ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյոթամյա նորզելանդացի երգչուհի Լորդի «Royals» երգը հաղթել է «Գրեմմի» մրցույթի «2013-ի լավագույն երգ» անվանակարգում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Լորդի հետ նույն անվանակարգում մրցում էին Macklemore&Ryan Lewis-ը իրենց Same Love, Քեթի Պերին իր Roar երգով, Բրունո Մարսն իր Locked Out Of Heaven, ինչպես նաև Փինքն իր Just Give Me A Reason երգe8ով:
«Լավագույն ռոք-կատարում» անվանակարգում մրցանակ է ստացել Փոլ Մաքքարթնին` իր Cut Me Some Slack երգի համար: Նա նաև ելույթ է ունեցել The Beatles-ի իր ընկեր Ռինգո Սթարի հետ:
«Տարվա լավագույն ալբոմ» ճանաչվեց Daft Punk ֆրանսիական խմբի Random Access Memories ձայնասկավառակը: Խումբը նաև մրցանակ է ստացել «Տարվա լավագույն դուետ» անվանակարգում: Ջասթին Թիմբերլեյքը և Ջեյ Z-ն ստացան մրցանակ լավագույն երաժշտական հոլովակի համար: Macklemore & Ryan Lewis տանդեմը մրցանակ ստացավ տարվա լավագույն նոր կատարող անվանակարգում:
«Գրեմմի»-ն Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է: Հիմնվել է 1958թ. մարտի 14-ին, ԱՄՆ Ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից: Ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակն է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։