Հարցազրույց

Տիգրան Մանսուրյան. «Ուրախանում եմ, որ իմ երիտասարդությունը չի խեղճանում իմ այսօրվա հասունության առաջ, ոչ էլ հակառակը»

22 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյան. «Ուրախանում եմ, որ իմ երիտասարդությունը չի խեղճանում իմ այսօրվա հասունության առաջ, ոչ էլ հակառակը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 75 տարեկան է: Նա շարունակում է մնալ եռանդաշատ, կենսասեր, մոլեգին, հանճարեղ…Իր հոբելյանը Մանսուրյանը նշում է Լոս Անջելեսում` այնտեղ ապրող և աշխատող տղայի, դստեր, չորս թոռների, բարեկամների հետ: Լոսանջելեսյան երաժիշտներն ու երաժշտասերները ևս հոբելյանական մթնոլորտում են` այս քաղաքում միանգամից չորս մանսուրյանական համերգով է նշանավորվում հիշարժան տարեթիվը. հունվարի 12-ին, 26-ին, փետրվարի 27-ին, ապրիլին: Կոմպոզիտորի արվեստի երևանցի երկրպագուները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն նրա ամենածանրակշիռ երկերից բաղկացած մեծ համերգ, որը կկայանա ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ: Հոբելյանական համերգներ տեղի կունենան Գերմանիայում, Հարավային Կորեայում, Մոլդովայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, այլ երկրներում…Նրա անունը վաղուց դուրս է եկել միջազգային ասպարեզ, նրա տաղանդը և անձը սիրված ու գնահատված են հայրենիքում:

…Նախնական մասնագիտական կրթություն չունեցող հայրենադարձ պատանին մի օր երկյուղած ներս մտավ երաժշտության խորհրդավոր ու ձգող դռնով, հաստատվեց կախարդական այդ աշխարհում, քայլ առ քայլ առաջացավ դեպի նորանոր հորիզոններ և հայացքը հերթական բարձունքին`ընթանում է մինչև հիմա: Նրա արվեստը մեր ժողովրդի մնայուն արժեքներից է: Ինքնահաստատման դժվարությունների, արվեստագետի տվայտանքների ու հոգու պարտքի, բերկրանքի ու ստեղծագործական որոնումների մասին է «Արմենպրես»-ի մշակութային լուրերի պատասխանատու խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆԻ զրույցը ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ - Ինչպե՞ս մուտք գործեցիք երաժշտության աշխարհ։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Լենինականի երաժշտական ուսումնարա՞ն ընդունվեցիք, թե՞ երբ առաջին գործը գրեցիք։ Գուցե Արթիկի բանվորական ակումբում առաջին անգամ դաշնամուրի ստեղներին հպվելի՞ս…

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ - Իմ մանկության բոլոր մեղեդիներն ինձ հետ են։ Բեյրութի արևոտ փողոցն է, բաց պատուհանների տակով եմ անցնում։ Ամեն մի պատուհանից մի երգ է դուրս հորդում բարձրաձայն, ռադիոն է, ես մի երգից դուրս եմ գալիս, մտնում մի այլ երգի «տարածք»… հրաշալի է… Դարձյալ Բեյրութում. անձրևոտ օր է, պատուհանի ապակու վրայով հոսող անձրևաջրի առվակների միջով դուրս եմ նայում, ու ականջիս մեջ ֆրանսիական երգի մի պատառիկ է, բառն էլ վրան՝ «per-du!» (կորած)… Այնքան հուզիչ է այս մի դարձվածքը, այս մի բառը։ Վերացած եմ։ Անձրև է, ու «per-duuuu!»… անձրև է, ու հեռու…

Երաժշտական այս դրվագ-պատկերներն առ այսօր ինձ հետ են։

Հ. Ա. - Ինչպե՞ս ընթացան երաժշտության աշխարհում ինքնահաստատման առաջին քայլերը։ Դժվա՞ր էին։ Ե՞րբ էին։ Ո՞ր ստեղծագործությունն էր։

Տ. Մ. - Հովհաննե՛ս ջան, այսպիսի մի հարցի պատասխանելու համար ես պիտի հավատամ, որ ինքնահաստատվել-պրծել եմ ու հիմա էլ դրա պատմությունը պիտի պատմեմ։ Դժվար ճանապարհ եմ անցել ես, ու այսօր էլ այն չի հեշտացել։

Վերջերս իմ ընկերներից մեկի տանը հանդիպեցի այն երաժշտական փոքրիկ բառարանին, որի հետ կապված հարուստ հիշողություններ ունեմ։ Խնդրեցի, որ ընկերս այդ գիրքն ինձ նվիրի։ Հիմա այն իմ տանն է։ Այս բառարանը հինգերորդ օրինակն է նույն գրքից, որ ես ունեցել եմ։ Առաջինը հայտնվեց իմ ձեռքում, երբ ես դպրոցական էի։ Այդ գիրքը մշտապես ինձ հետ էր, օրվա բոլոր պահերին։ Հենց ազատ ժամանակ էի գտնում, բացում էի այն, կարդում-կարդում, սովորում, սովորում։ Գիրքը գրպանս դնել-հանելուց մի օր կատարելապես մաշվեց. այլևս հնարավոր չէր այն ձեռքի մեջ պահել։ Ստիպված նույն գրքի երկրորդ օրինակը ձեռք բերեցի։ Սա էլ մաշվելու նույն ճանապարհն անցավ. ճարահատյալ երրորդը ձեռք բերեցի, սա էլ նույնը… Երբ չորրորդ օրինակը ձեռքիս էր, ընդունվում էի Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարան։ Այս բառարանի հինգերորդ օրինակը ձեռք բերելուց հետո միայն իմացա, որ նրա հեղինակը մեծ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանն է եղել` երջանկահիշատակ պրոֆեսորը, որի ուսանողը պիտի լինեի մի օր։

Դասականների՝ ինձ հետ ապրած բոլոր պարտիտուրները, բոլոր գրքերը քրքրելով եկել հասել եմ այս օրին։ Ավելորդ է ասել, որ իրենց քրքրելուն հետ մեկտեղ, ինքս ինձ էլ եմ քրքրել, չէ՞։ Հույս ունեմ, որ էլի պիտի ձեռքս անցնեն գրքեր ու պարտիտուրներ՝ քրքրելու։ Դուք ասում եք «ինքնահաստատում», ես կասեի «ինքնա-քրքրում»։

Հ. Ա. - Ձեր անվան հետ է կապվում անցյալ դարի երկրորդ կեսին եվրոպական նորագույն երաժշտության մեջ հաստատված ուղղությունների մուտքը Հայաստան։ Ավանգարդ, դոդեկաֆոնիզմ, նեոկլասիցիզմ, վեբեռնիզմ… Կոնսերվատորիայի լսարաններում այսպիսի եզրույթներ չէին հնչում։ Դեբյուսի, Շյոնբերգ, Բուլեզ… Երևանյան համերգասրահներում այս կոմպոզիտորների գործերը չէին կատարվում։ Իսկ Դուք, դեռ ուսանողական տարիքից հազիվ դուրս եկած, ավանգարդը բերիք Հայաստան։ Ինչպե՞ս։

Տ. Մ. - Դեռ ուսանողության տարիներից մի օր հստակորեն զգացի, որ երաժշտություն գրելը այսպես չի լինում. չի կարող այսքան կարճ ու անխոտոր լինել ճանապարհը մտահղացումից մինչև իրագործում։ Մի օր իսպառ հավատս կորցրի բոլոր գրածներիս ու դրանց հետ կապված գովեստների հանդեպ։ Ինձ անխնա գովում էին, բոլո՛րը։ Ես ճանաչում էի այդ երաժիշտներին, երաժշտագետներին, գիտեի նրանցից շատերի նախասիրությունն ու հավատամքը երաժշտության մեջ։ Դրանք հաճախ իրարից ծայրահեղ տարբեր էին լինում։ Այս համընդհանուր գնահատանքն ինձ ավելի շատ վիրավորում էր։ Մի օր հեշտ գրելու և գովելի լինելու դեմ ըմբոստացա։ Եվ փնտրեցի երաժշտություն գրելու առավել լուրջ դիմադրության ճանապարհ։ Այս ձևով շուտով հայտնաբերեցի Խորհրդային Միության տարբեր քաղաքներում ապրող և «հակասովետական» երաժշտություն գրող երիտասարդ կոմպոզիտորներից շատերին։ Եղա Կիևում, Մոսկվայում, Տալլինում, Լենինգրադում… Մտերմացա Անդրեյ Վոլկոնսկու, Էդիսոն Դենիսովի, Ալֆրեդ Շնիտկեի, Արվո Պյարտի, Վալենտին Սիլվեստրովի… շատերի հետ։ Կատարող երաժիշտների մեջ նույնպես կային նոր երաժշտությանը նվիրված անհատներ՝ Ալեքսեյ Լյուբիմովը, Նատալիա Գուտմանը, Օլեգ Կագանը, Մարկ Պեկարսկին… Նրանք էլ դարձան իմ մտերիմները։ Այսպիսով, մտա հետաքրքրությունների և արժեքների յուրացման մի նոր շրջան։ Նորագույն երաժշտության յուրացման այդ ժամանակաշրջանն իմ կյանքի ամենահագեցած և, միևնույն ժամանակ, ամենադժվար ժամանակաշրջանն է եղել։

Հ. Ա. - Հետո եկավ մի ժամանակ, որ ինքներդ էլ հրաժարվեցիք այս արևմտյան նորամուծություններից։ Վերադարձաք ձեր արմատներին, ազգային հենքին։ Ե՞րբ եղավ դա։ Ո՞ր գործերով է դրվել ձեր այդ շրջադարձի սկիզբը։

Տ. Մ.-Երաժշտության մեջ երբեք չեմ հեռացել ազգային արմատներից։Վերջերս ձեռքս ընկավ Անդրեյ Վոլկոնսկու «Կյանքի պարտիտուրը» ռուսերեն գիրքը։ Այդ գրքում Անդրեյ Վոլկոնսկին հիշում է, թե ինչպես վաթսունականների վերջերին առիթ է ունեցել լսելու իմ Դաշնամուրի սոնատը։ Ասեմ, որ այդ գործը գրված է արդիական երաժշտության այն ժամանակվա ռադիկալ կոնստրուկտիվա-ստրուկտուրալիստական տեխնիկայով։ Վոլկոնսկին հիշում է, որ երբ լսել է այս սոնատի երաժշտությունը, զարմանքով հայտնաբերել է նրանում եղած հայկականությունը։ Զարմանքը նաև առ այն է եղել, որ պարզվել է՝ այս տեխնիկայով հնարավոր է ազգային նկարագիր ունեցող երաժշտություն գրել։ Երբ կարդացի Վոլկոնսկու այս տողերը, շատ ուրախ եղա։ Ուրեմն, իրոք, ես երբեք չեմ հեռացել հայկական արմատներից։

Հ. Ա. - Մասնագետները Ձեր երաժշտությունը համարում են հայկական և եվրոպական մշակութային ավանդույթների միաձուլման, փոխներթափանցման արդյունք։ Երկու եզրեր իրար բերող։ Արեւելքը եւ Արևմուտքը իրար միացնող կամուրջ։ Կարո՞ղ էիք դա ցուցադրել մի օրինակով, ներկայացնել մատչելի ձեւով։ Այդ կարգի մի նմուշ ձեր ստեղծագործությունից։

Տ. Մ.- Բայց չէ՞ որ ասում եմ՝ իմ բոլոր գործերի մեջ է ներկա այդ խաչաձևումը։ Օրինակ, վերոնշյալ սոնատից հետո գրեցի իմ «Չորս հայրեն» շարքը (1967)։ Այս գործը կարող է լինել քո ասածի լավագույն օրինակներից մեկը։ Հայրենների մասին ասեմ, որ այն ժամանակ նորագույն երաժշտական տեխնիկան յուրացրած իմ ընկերներից ոմանք ինձ խիստ նկատողություն արեցին՝ ասելով, որ գրել եմ, իրենց կարծիքով, «կոմպրոմիսային երաժշտություն»։ Հնարավոր է, որ նրանք ճիշտ էին… Ես արևմտյան երաժշտության մեջ տեղ էի տվել Արևելքի երաժշտության յուրահատկություններին, և հակառակը՝ Արևելքի երաժշտության մեջ՝ Արևմուտքի երաժշտակառուցողական փորձին։ Հնարավոր է, որ հենց դա էլ կարելի է համարել «կոմպրոմիս», եթե շատ ուզենանք այդ բառը գործածել։ Բայց կարող ենք այն նաև անվանել Արևելք-Արևմուտք երաժշտական ավանդույթների միաձուլման, փոխներթափանցման արդյունք։

Հ. Ա. - Ե՞րբ հասկացաք, որ կայուն և կարևոր տեղ եք զբաղեցնում հայ երաժշտության մեջ։ Ո՞ր թվականներն եք համարում Ձեր ստեղծագործական հասունության սկիզբը։ Ի՞նչ գործեր գրեցիք այդ շրջանում եւ որտե՞ղ կատարեցիք։

Տ. Մ. - Մի անգամ էլ կասե՞ք հարցը:

Հ. Ա. - Ե՞րբ հասկացաք, որ կայուն և կարևոր տեղ եք զբաղեցնում հայ երաժշտության մեջ…

Տ. Մ. - Բարեկա՛մս, ես այս բաների մասին երբե՛ք չեմ մտածում, ուր մնաց կարևոր տեղ զբաղեցնելը հասկանամ։ Չեմ ուզում այս հարցի շուրջ խոսել, միայն կասեմ, որ ես ընդամենը աշխատող մեկն եմ։ Իմ երաժշտության մեջ շուկայական արժեքների, նրա երկար կամ կարճ ապրելու, ինձանից հետո նրա գոյության շարունակականության և այս կարգի հարցերի մասին ես, ի՞նչ ասեմ… գուշակություննե՞ր անեմ։ Էլի ասեմ՝ ես աշխատող մեկն եմ։ Ձեր հարցին ի պատասխան ինչ էլ ասեմ, իմ խոսքը միայն պայմանական է լինելու։

…Եթե ուզում եք, «Չորս հայրեն»-ը «հասունության» լավ սկիզբ կարող ենք համարել։ Այս գործը առաջին անգամ հնչեց մեզանում վաթսունականների վերջերին։ Այն հնչեց նաև Վարշավայում «Վարշավյան աշուն» երաժշտական փառատոնի շրջանակներում։ Լեհաստանում այս գործս լսել էր աշխարհահռչակ Քեթի Բերբերյանը, որ նորագույն երգեցողական արվեստի մեծագույն վարպետներից էր։ Իմ «Չորս հայրենի» հանդեպ նրա հիացական ողջույնը հասավ ինձ իր մի լուսանկարի հետ, որի վրա իր մակագրությունը կար։ Ավելորդ չէ ասել, որ այս հայրենները ժամանակին երգեց նաև մեծանուն Գոհար Գասպարյանը։ Այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր նրա երգելը…Նրա կատարմամբ հայրենները լսելիս մտքումս ինքս ինձ ասում էի. «Էստեղ են ասել` հոգիս բերանս բերեց»։

Հ.Ա. - Երկու տասնամյակ առաջ հաճախ էր հիշատակվում Տիգրան Մանսուրյան - Մարտուն Իսրայելյան - Աշոտ Զոհրաբյան եռյակը՝ որպես արդի հայ երաժշտության մեջ առանձնացող խումբ։ Դուք նաև ընկերական ամուր կապերով էիք կապված։ Ո՞րն էր ձեր երաժշտության առանձնահատկությունը։ Ձեր գնահատմամբ, ի՞նչ նորություն բերեցիք այսօրվա երաժշտարվեստի մեջ։

Տ. Մ. - Շատ բարձր եմ գնահատում Մարտուն Իսրայելյանի և Աշոտ Զոհրաբյանի երաժշտությունը։ Այն համոզմունքն ունեմ, որ նրանք ապահովեցին հայ երաժշտության զարգացման և ընթացքի այսօրվա պահանջված միջազգային չափանիշների խորքն ու որակը, ապահովեցին հայ դասական երաժշտության զարգացման շարունակականությունը։Մենք երկար ճաապարհ ենք անցել միասին։ Մեր ընկերությունն իմ հարստությունն է։

Հ. Ա. - Կարո՞ղ էիք թվարկել Տիգրան Մանսուրյանի հինգ լավ գործերը, երեք մնայունները, մեկ գլուխգործոցը։

Տ. Մ. - Պիտի օգտվեմ Ձեր «գլուխ-գործոց» բառից և ասեմ՝ ինձ «գլուխ-կոտրուկ» հարց եք տալիս։Տարիներ առաջ գրած այս կամ այն գործս երբ վերադառնում է ինձ, փորձում եմ այն նորից ու նորից քննության ենթարկել։ Պատահում է, որ այդ պահին (միա՛յն այդ պահին) գործի արժանիքները ավելի հստակ եմ տեսնում։ Դրանից ավելիին անցնելը, իմ արած գործերի մեջ ամենահաջողվածներ փնտրելը, մանավանդ վերջնականապես այն արժեվորելը՝ անհույս, անտեղի գործ է։ Տեսե՛ք, Թ. Ս. Էլիոթը գրականագիտական հոդվածներից մեկում ասում է. ամեն մի նոր ծնված նշանակալի գրական երկ ամբողջովին վերադասավորում է անցյալի գրական արժեքները։ Ես կարծում եմ, նման մի երևույթ է տեղի ունենում կոմպոզիտորի ստեղծագործական կյանքում։ Հասկանո՞ւմ եք, անհնար բան է աշխատանքային կենդանի գործընթացը կանգնեցնել, անշարժության հանձնել ու հետո սրա միջից մի քանի գործի վերջնական գնահատականը տալ։

Չեմ կարծում, որ ես մի օր կկարողանամ Ձեր այս հարցին պատասխանել, քանի որ դեռ պիտի աշխատեմ: Կամոքն Տիրոջ։

Հ. Ա. - Դուք 2013թ. ՀՀ պետական մրցանակի արժանացաք (սա Ձեր երրորդ պետական մրցանակն է) Ձեր վերջին մեծ ստեղծագործության՝ «Ռեքվիեմի» համար, որը գրել եք ավելի քան տասը տարի։ Ձեր մեծ երազանքներից մեկն էր այդ երկը գրելը։ Այն համարո՞ւմ եք Ձեր լավագույն գործերից մեկը։ Բավարարվածություն ունե՞ք։ Անընդհատ ասում եիք, որ հոգու պարտք ունեք Եղեռնի զոհերի հիշատակի առաջ, որոնց մեջ կան նաև Ձեր նախնիներից։ Ձեր խիղճը հիմա հանգի՞ստ է...

Տ. Մ. -Խնդրում եմ, նախ եկեք «Ռեքվիեմի» հետ կապված Ձեր գործածած «վերջին» բառից հրաժարվենք. չեմ սիրում իմ գործերից որևէ մեկը «վերջինը» համարել։ Այո, այս գործը վերջնական հասունացման և ձևավորման է հասել շուրջ 10 տարիների ընթացքում։ Իրոք, մեծ պահանջ ունեի 1915-ի Եղեռնի զոհերի հիշատակին հատկապես լատիներեն կանոնական տեքստի հիման վրա ռեքվիեմ գրելու։ Տեսեք, այս տարի «Ռեքվիեմը» հնչելու է Գերմանիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում։ Այդ նշանակում է, որ այս գործը քննությունը «բռնել» է։ Ուրախ եմ, որ այն անցյալ տարի արժանացավ Հայաստանի պետական մրցանակին, խորապես շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար…Հուսամ, ծնողներս այն աշխարհում գոհ են, որ «Ռեքվիեմը» գրվեց։

Հ. Ա. - Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչ(ներ)ը։

Տ. Մ. - Շատ-շատ են։ Ես ուսանել եմ շատ շատերին։ Ոմանց երկար ժամանակ եմ տվել, ոմանց կարճ… ոմանք մինչև հիմա դեռ ինձ հետ են, ոմանց էլ հրաժեշտ եմ տվել… Նրանք թե Արևելքում են և թե Արևմուտքում… Թե այսօր ծնվող երաժշտության հեղինակների մեջ են, թե անցյալի խորքերում։ Ասեմ, որ երբեմն այս «ուսուցիչները» հազիվ թե իրենք համակերպվեին իրար հետ ընկերություն անելուն։ Բայց իրականությունն այն է, որ նրանք ինձ հետ ապրել են։ Եվ այս ձևով, ուզեն թե չուզեն, «ընկերացել են» իրար հետ։

Հ. Ա. - Գրեթե երեքուկես տասնամյակ մոտիկից հետևելով Ձեր կյանքին՝ միշտ զարմացել եմ Ձեր անհագ ընթերցասիրության վրա։ Համոզված կարող եմ ասել, որ իմ տեսած ամենակարդացած մարդն եք։ Հայ և համաշխարհային գեղարվեստական գրականություն, երաժշտական մասնագիտական գրքեր, փաստագրական-կենսագրական պատումներ նշանավոր արվեստագետների մասին… կլանում եք ամեն ինչ։ Միաժամանակ կինոնկարների սիրահար եք, մեկ-մեկ թվում է, թե բաց չեք թողնում ոչ մի համաշխարհային նորույթ։ Եվ դարձյալ մի բնագավառ՝ Երևանում անխտիր բոլոր բացվող ցուցահանդեսները։ Նաև այս ամենի մեջ են թաքնված Ձեր ինտելեկտուալ ստեղծագործության արմատները… Մի անգամ դուրս գալով առաջին դիրքեր երաժշտության մեջ՝ ահա արդեն հիսուն տարի մնում եք առաջատարների խմբում։ Այսօրվա ունկնդրին հետաքրքիր են կես դար առաջ ձեր գրած երկերը։ Այս վերջին տարիներին մի քանի համերգներ եք ունեցել, որոնց ծրագրում ընդգրկված են եղել գրության թվականներով կեսդարյա տարբերություն ունեցող գործեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին։

Տ. Մ. - Շնորհակալ եմ ինձ տված Ձեր գնահատականների եւ շահեկան բնորոշումների համար։ Ինձ էլ է ուրախացնում, երբ մի համերգի ծրագրի մեջ իրար են հանդիպում հեռավոր երիտասարդությանս տարիների ու վերջին տարիներիս գործերը։ Ուրախանում եմ, որ իմ երիտասարդությունը չի խեղճանում իմ այսօրվա հասունության առաջ, ոչ էլ հակառակը։

Երկու օր առաջ Գերմանիա իմ հրատարակչությանը ուղղարկեցի «Չորս հայրեն»-ի հրատարակության պատրաստվող նոտաների սրբագրությունները։ Վերջին տարիներին Քիմ Քաշքաշյանի հետ այս հայրենները նվագում ենք ալտ-դաշնամուր տարբերակով։ Իսկ սա գրվել է 1967-ին ձայնի ու դաշնամուրի համար (նախորդ հարցերից մեկում խոսեցինք այս գործի մասին)։ Երիտասարդության տարիների գործերս իրենց ինքնուրույն կյանքն են ապրում։ Այս ձեւով այդ տարիներին գրած գործերիս ավելանում են նույն գործերի փոխադրությունները։ Սա՛ էլ գործի կենսունակության արտահայտություններից մեկն է, անշուշտ։

Հ. Ա. - Բազում են հայ եւ աշխարհի տարբեր երկրների մասնագետների՝ Ձեր երաժշտական տաղանդին տված բարձր գնահատականները։ Ահա դրանցից միայն մեկը. «Մանսուրյանի ոգեշնչող երաժշտությունն արտացոլում է 20-րդ դարի հայ ժողովրդի կացությունը և մշտակայուն մշակույթը։ Նա այն կոմպոզիտորներից է, ովքեր երբեք չվատնեցին անգամ մեկ նոտա։ Նրա ձայնային աշխարհը առեղծվածային է։ Նա գիտի, թե որտեղ են թաքնված երաժշտական գործիքի ամենագրավիչ և գեղեցիկ հնչյունները։ Մեկ անգամ լսելով Մանսուրյանի երաժշտությունը՝ անհնար է այն մոռանալ»,- գրել է «Լոս Անջելես թայմսը»։ Անշուշտ, յուրաքանչյուր ստեղծագործողի հաճելի է իր մասին այսպիսի կարծիք լսել ծանրակշիռ թերթի հեղինակավոր մեկնաբանի շուրթերից։ Իսկ ընդհանրապես ո՞րն է եղել Ձեզ համար ամենացանկալի ու ամենատպավորիչ գնահատականը։

Տ. Մ. - Ասեմ։ Երաժշտական ուսումնարանի ուսանող էի և Երևան-Մոսկվա գնացքով հայ կոմպոզիտորների պատկառելի մի խմբի հետ մեկնում էի Մոսկվա (չեմ հիշում՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության պլենումի՞, թե՞ համագումարի)։ Այնպես եղավ, որ ես նույն կուպեում էի իմ ուսուցչի՝ էդուարդ Բաղդասարյանի հետ։ Օրվա մի պահի մեր մեծագույն հեղինակությունները՝ Բաբաջանյանը, Միրզոյանը, Սարյանը, և այլոք հավաքվել էին մեր կուպեում։ Զրուցում էին։ Ես աչքերս փակ մեկնվել էի երկրորդ «հարկի» իմ մահճակին, Էդուարդ Բաղդասարյանի նստած տեղի վերևում։ Հետևում էի մեծերի զրույցին։ Կուպեում նստած կոմպոզիտորներից մեկն իմ ուսուցչին հարցրեց. «Քո ուսանողներից ո՞վ է ամենամեծ ապագա խոստացողը»։ Լռության մեջ, կիսաբաց աչքերիս առաջ, անսպասելի հայտնվեց իմ ուսուցչի վեր ցույց տվող բութ մատը … Ուրեմն ե՛ս էի իր այդ «ամենա-ամենան»… Կյանքիս ամենացնցող ու ամենատպավորիչ գնահատականը սա է եղել։

Հ. Ա. -- Դուք ոչ միայն խոր ու գեղեցիկ երաժշտություն եք գրում, այլև շատ եք գրում։ Ձեր գրիչը բեղուն է։ Դուք գրում եք միշտ՝ տոն օրերին, հոբելյանական օրերին, հիվանդ օրերին։ Մեկ-մեկ մտածում եմ` դուք երբևէ հանգստացե՞լ եք…Եվ նման բան չեմ մտաբերում: Դուք ֆանատիկոս եք, երաժշտության նվիրյալ։ 75 տարեկանում էլ երիտասարդական ավյունուվ եք աշխատում։ Հոգնել չունեք։ Կյանքի հանդեպ հետաքրքրությունը չեք կորցրել, պահպանել եք զարմանալու հատկությունը, հումորի զգացումը, անմիջականությունն ու անկեղծությունը, շրջապատող աշխարհի ընկալման թարմությունը։ Իսկ այս հատկանիշները ստեղծագործելու հիմնական նախապայմաններից են: «Արմենպրեսի» հազարավոր ընթերցողների անունից Ձեզ մաղթում ենք առողջություն, ստեղծագործական բեղուն գործունեության երկար տարիներ։

Տ. Մ. - Խորապես շնորհակալ եմ։

Երևան- Լոս Անջելես

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում