ՍԴ-ն կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների գործողությունը /լրացված/
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից,«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:
ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ` ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան` վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ պետք է մտներ հունվարի 1-ից, այդ իսկ պատճառով խմբակցությունները ՍԴ միջնորդություն էին ներկայացրել մինչ դատարանի վճռի հրապարակումը կասեցնել օրենքի կիրառումը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
| Հոդված 76. | Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար |
1. Սույն օրենքով պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցը (նրա համար պարտադիր կուտակային վճարումներ կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:
Եթե սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած անձը չի հայտնել իր գործատուին (հարկային գործակալին) պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից լինելու մասին, ապա սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված տույժը գործատուի նկատմամբ չի կիրառվում մինչև հարկային մարմնի կողմից տվյալ անձի պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության փաստի մասին տեղեկացվելը:
Սույն մասով նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չմուծված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
Պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերի հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին պարտադիր կուտակային վճարներ է կատարում մասնակիցը (մասնակիցները), ում համար չի կատարվել կամ ուշացումով է կատարվել պարտադիր կուտակային վճարը:
2. Կուտակային վճարների վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի) կուտակային վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գործատուին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ չկատարված կուտակային վճարներն ամբողջությամբ մարված չեն:
Կուտակային վճարների կատարումը սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկային մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնելու հայցադիմում՝ գործատուի գույքը բռնագանձելու նպատակով:
Չվճարված կուտակային վճարների գումարի, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկված տույժի չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի գործատուի` կուտակային վճարների չվճարված գումարին և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումարին համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի վրա բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:
Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` գործատուի բանկային հաշիվների նկատմամբ, ապա անշարժ գույքի, այնուհետև` այլ ակտիվների նկատմամբ:Դատարանի վճռից հետո հարկային մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:Հարկային մարմնի կողմից գործատուի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում գործատուի գույքը համարվում է արգելանքից հանված:
Որպես չկատարված կուտակային վճարների կատարման ապահովման միջոց` հարկային մարմնի և գործատուի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 86.Եզրափակիչ դրույթներ
Մաս 3.Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով: