ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հունվարի 21-ին ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ նշելով, որ զոհվածը 1960թ.-ին ծնված Ասատուր Տիգրանյանն է: Միջադեպը տեղի է ունեցել հայկական Ժդիյդե թաղամասում: Հայաշատ Հալեպում հունվարի 21-ի կեսօրից հետո պայթյուններ էին որոտացել: Հրասանդներ էին ընկել հայկական Ժդիյդե թաղամասում:
Ինչ վերաբերում է քաղաքի ընդհանուր վիճակին, աղբյուրը տեղեկացրեց, որ քաղաքն օրվա մեծ մասը կրկին խավարի մեջ է: Այսօր՝ հունվարի 22-ին, միայն մեկ ժամով էլեկտրականությունը վերականգնվել է: Ֆեյսբուքյան «Բերիո լուրեր» էջն իր հերթին տեղեկացրել է, որ 4 օրից ավելի Հալեպում էլեկտրականությունն անջատված է, և քաղաքը խավարի մեջ է:
Երեք տարի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: