Նախորդ տարի ԴԱՀԿ-ի բռնագանձումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013 թվականի գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի քարտուղրությունից,2013 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123 հազար 232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105 հազար 570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 20 մլրդ 79 մլն 288 հազար 94 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 15 մլրդ 461 մլն 770 հազար 966 դրամ գումարի դիմաց. (աճը կազմել է 129 տոկոս), այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3 մլրդ 461 մլն 297 հազար 695 դրամ՝ նախորդ տարվա 2 մլրդ 761 մլն 730 յազար 761 դրամ գումարի դիմաց (աճը կազմել է 125 տոկոս), իրավաբանական անձանց օգտին՝ 10 մլրդ 61 մլն 390 հազար 746 դրամ` նախորդ տարվա 6 մլրդ 768 մլն 605 հազար 831 դրամ գումարի դիմաց (աճը կազմել է 148 տոկոս), ֆիզիկական անձանց օգտին՝ 2 մլրդ 821 մլն 158 յազար 4 դրամ` նախորդ տարվա 2 մլրդ 39 մլն 182 հազար 862 դրամ գումարի դիմաց (աճը կազմել է 138 տոկոս): Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 21 հազար 644 կատարողական վարույթի` նախորդ տարվա 20 հազար 8-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2013թ.-ին կազմել է 119 հազար 101 կատարողական վարույթ, նախորդի տարվա 105 հազար 159-ի փոխարեն. աճը կազմել է 113 տոկոս։
Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն 2013 թվականին ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ: