Իրավունք

Պետեկամուտների կոմիտեն մանրամասնել է Իրանից Հայաստան հերոինի աննախադեպ քանակի մուտքի կասեցման դեպքը

2 րոպեի ընթերցում

Պետեկամուտների կոմիտեն մանրամասնել է Իրանից Հայաստան հերոինի աննախադեպ քանակի մուտքի կասեցման դեպքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչությունը, ՀՀ Աազգային անվտանգության ծառայության հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 928 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, որն աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 16-ին Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլիի բեռնատարը դատարկ վիճակում մուտք է գործել Մեղրիի մաքսակետ` Իրանից Վրաստան տարանցիկ փոխադրում կատարելու նպատակով: Նախաբացթողումային հսկողության վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները «Ռապիսկան» սարքավորման միջոցով ռենտգեն զննության են ենթարկել մեքենան և կցորդի հատակի մանրամասն ուսումնասիրությամբ հայտնաբերել «օտար մարմնի» առկայություն, ինչն էլ հիմք է հանդիսացել բեռնատարն ու նրա կցորդը մանրակրկիտ զննության ենթարկելու համար: Բեռնատարը մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստ, որտեղ մաքսանենգության կասկածանքով զննության է ենթարկվել: Արդյունքում բեռնատարին ամրակցված կցորդի հատակում հայտնաբերված թաքստոցից դուրս է բերվել թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:

Ըստ շրջանառվող լուրերի, 1 գրամ հերոինի արժեքը տատանվում է 100-200 ԱՄՆ դոլարի շրջանակներում: Այդ հաշվարկով` հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է 100-200 մլն ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում