ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ, բլյուզ ոճերում ստեղծագործող երգչուհի Անուշիկ Ալավերդյանը և ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանի ղեկավարած բենդը համատեղ համերգով հանդես կգան Երևանի «Ստոպ» ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղակացավ ակումբից, համերգը կկայանա հունվարի 25-ին: Սա երաժիշտների առաջին համագործակցությունը չէ. նրանք 2013 թ. սեպտեմբերին համերգներ են ունեցել Քաթարում, որից հետո շարունակում են ակումբային ելույթների շարքը: Ունկնդիրները հնարավորություն կունենան լսել սոուլ, ջազ, բլյուզ երաժշտական ոճերի հանրահայտ ստեղծագործությունները նրանց իրենց մեկնաբանությամբ:
Անուշիկ Ալավերդյանը ծնվել է 1988թ. մարտի 2-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցը: 2005-09թթ սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում: 2006թ. մասնակցել է «Ընծա» համահայկական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի: 2010թ. մասնակցել է Նովոռոսիյսկում կայացած «Մորսկոյ ուզել» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ ու «Բեմի վրա անկեղծության ու ոգեշնչման» մրցանակների: Նկարահանել է 3 տեսահոլովակ: Սիրում է զբաղվել նաև սպորտով: