ԺՆԵՎ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթը կանցկացվի 2014 թվականի նոյեմբերի 15-ին Մալթայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, այս որոշմանը հանգել է Եվրոպական հեռարձակողների միությունը Մալթայի հանրային հեռարձակող ծառայության հետ համատեղ: 2014 թվականը պատմական է լինելու Մալթայի համար, քանի որ, որպես անկախ երկիր, այն տոնում է անկախության հետ կապված մի շարք տարեդարձներ, այդ թվում Եվրոպական միության անդամ դառնալու տարեդարձը: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաներին ամեն տարի համախմբող մրցույթի կենսագրության մեջ առաջին անգամ այն կանցկացվի կղզում:
«Մանկական Եվրատեսիլ-2013»-ը ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության հիսուն/հիսուն հարաբերակցության արդյունքում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Գայա Կաուչին իր «The Start» երգով: Նա հավաքեց 130 միավոր: Հայաստանը ներկայացնող 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը, իր «Choco Factory» («Շոկոլադի ֆաբրիկա») երգով հավաքելով 69 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մրցույթին մասնակցում էր 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան, Շվեդիան: