Կարծիքներ

Լրատվության գետի դատարկ աղմուկը կամ հայ-թուրքական չկայացած հանդիպման մասին

5 րոպեի ընթերցում

Լրատվության գետի դատարկ աղմուկը կամ հայ-թուրքական չկայացած հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական չկայացած հանդիպումը դարձել է թուրքական լրատվամիջոցների ցանած քամին մի բաժակ ջրում, տեղեկատվական փոթորիկ` Արփաչայի` հավանաբար սառած մակերևույթի տակ: Չէ, մենք գիտենք, որ գետը կոչվում է Ախուրյան, սակայն դա, հավանաբար, չգիտի Թուրքիայի Արփաչայ գյուղի համայնքապետը, ում հարևան երկրի լրատվամիջոցները տեղադրել են «պատմական» բանակցությունների կիզակետում:

Թուրքական լրատվամիջոցների ապատեղեկատվության թիրախում այս անգամ Գյումրին է, որտեղ իբր կայացել է հայ-թուրքական պատվիրակության «դարակազմիկ» հանդիպում, որի ժամանակ, ըստ թուրքական լրատվամիջոցների գլխագրերի, «քննարկվել են երկու երկրների միջազգային եւ իրավական պայմանագրերին վերաբերող հարցեր»: Եթե մի կողմ նետենք քարոզչական շղարշը, պարզ է դառնում, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ իրականում նման բան չկա: Հանդիպել են Թուրքիայի ու Հայաստանի սահմանին տեղակայված ուժերի ներկայացուցիչները: Ենթադրաբար, հանդիպմանը մասնակցել են սահմանի թուրքական կողմում գտնվող Արփաչայ, Աքյաքա և Դիգոր համայնքների ղեկավարները: Փաստերը խոսուն են. անգամ թուրքական բազմաթիվ աղբյուրները տարածելով «սենսացիոն» տեղեկատվությունը, չեն կարողանում բացահայտել հայկական կողմի մասնակիցների ինքնությունը: Ավելին, և սա արդեն պաշտոնապես հաստատված փաստ է, որեւէ հայ պաշտոնյա եւ գյուղապետ վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում փոխանցեց նաեւ Շիրակի մարզպետի մամուլի հարցերով խորհրդական Արաքսյա Կիրակոսյանը: Գյումրիի քաղաքապետարանից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման օրակարգով հանդիպման մասին տեղեկություն չունեն:

ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության խոսնակ Սերգեյ Գրեչինն, իր հերթին, «Հայկական ժամանակ» օրաթերթին փոխանցել է, որ տեղի է ունեցել սահմանապահների հանդիպում: Այլ մանրամասներ խոսնակը չի հայտնել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ սահմանային հանդիպումները սովորական, աշխատանքային ընթացքի մաս են կազմում, ընդունված եւ կիրառելի են բազմաթիվ դեպքերում: Իսկ թուրքական գործակալությունների հաղորդագրությունների սկանդալային վերնագրերի ներքո, «խիստ կեցաղային», առօրեական խնդիրներ են, օրինակ` կենդանիների կողմից սահմանախախտության դեպքերը: Այս պարագայում տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի հանդիպումներ եղել են, (անասնասահմանախախտումը մշտական երևույթ է), սակայն չեն արժանացել նման նախանձելի լուսաբանման:

Պարզ է, սակայն, այլ իրողություն. թուրքական կողմն այս դեպքում էլ ամեն ջանք գործադրում է միջազգային հանրությանը ներկայացնելու, թե Հայաստանի հետ կազմակերպվում են հանդիպումներ, որտեղ քննարկվում են նաեւ երկու երկրներին առնչվող միջազգային եւ իրավական պայմանագրեր: Սա առաջին դեպքը չէ: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական «լավատեսությունն» ունի խիստ կանխատեսելի պարբերականություն: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեց, որ իրականության հետ կապ չունեցող նման հաղորդագրությունները շատ հաճախ են հայտնվում թուրքական լրատվամիջոցներում: Նա չբացառեց, որ այսօրինակ հաղորդագրություններ կլինեն նաեւ հետագայում. «Այս կերպ թուրքական կողմը փորձում է աշխարհին ցույց տալ, համոզել, որ նպատակ ունի Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները: Իրականում արձանագրում ենք, որ դեռեւս Թուրքիայում ոչ մի լուրջ նշան չկա, որը կապացուցի, որ թուրքական կողմը պատրաստ է իրականացնել նման քայլեր,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը վստահ է, որ նմանօրինակ խարդախությունները ոչ միայն չեն օգնում հարաբերությունների կարգավորմանը, այլ ավելի են խոչընդոտում: Նրա գնահատմամբ` այսպիսի հրապարակումներն ապացուցում են, որ մինչեւ 2015-ը Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերությունները շատ լավն են կամ գոնե կարգավորման ճանապարհին են:

«Սակայն ինչպես ցույց տվեց Դավութօղլուի այցը Երեւան, թուրքական կողմը չի պատրաստվում լուրջ, իրական քայլեր ձեռնարկել հայ-թուրքական միջպետական հարաբերություններում եւ կարգավորման ուղղությամբ: Թուրքիան փորձում է մանր-մունր խաբեություններով կամ իմիտացիոն գործունեությամբ մոլորության մեջ մտցնել միջազգային հանրությանը»,- բանաձեւեց Սաֆրաստյանը:

Թե որքանով ազնիվ է տուրք տալ թուրքական քարոզչությանն ու ուռճացնել խնդիրը, մեր գործընկերների մասնագիտական ընկալումների ու նախընտրության հարցն է, սակայն առավել կարևոր է հասկանալ, թե ինչու է կրկին աղմկում թուրքական ապատեղեկատվության գետը:

Հասմիկ Հարությունյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում