Լևոն Խեչոյանի արածն արժանի է բարձրագույն գնահատականի. ՀՀ Նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:
Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»: