Իրավունք

ՀՀ ոստիկանապետը 2014 թվականը բեկումնային է համարել հանցավորության դեմ պայքարում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետը 2014 թվականը բեկումնային է համարել հանցավորության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 8-ինտարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնակազմին շնորհավորելով Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Ադամյանին:

Վերլուծելով նախորդ տարվա գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետն անդրադարձավ մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում տեղ գտած մի շարք թերությունների ու բացթողումների:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ ընդգծելով, որ ոստիկանի գործունեության հիմքում պետք է լինեն պատվախնդրությունը, պրոֆեսիոնալիզմը, պետք է բացառվի ցանկացած շահադիտություն, իսկ օրենքի գերակայության սկզբունքը բացառություններ չպետք է ունենա ոչ մի պարագայում:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ 2014 թվականը բեկման տարի է լինելու հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ զենքի-զինամթերքի ապօրինի շրջանառությանը հակազդելու, զինված խմբերի ու խմբավորումների զինաթափման, քրեական տարրերի ու դրանց «տանիքների» բացահայտման և վնասազերծման ուղղությամբ:

Ոստիկանության պետն անձնակազմին հրահանգեց այդ պայքարում լինել սկզբունքային ու վճռական՝ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակում:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքներին, առաջիկա անելիքներին՝ մասնավորապես Սևանի ավազանում, անձնակազմի սոցիալական վիճակի, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցման և մի շարք այլ հրատապ խնդիրների:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում