Իրավունք

Ոստիկանությունը կողմ է առողջ քննադատությանը. Հունան Պողոսյանն ամփոփում է տարին

12 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը կողմ է առողջ քննադատությանը. Հունան Պողոսյանն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակը եղել է կայուն եւ վերահսկելի: Հանցագործությունների որոշակի աճ արձանագրվել է, բայց իրավապահները երեւույթը բնական են համարում` վստահեցնելով, որ դա պայմանավորված է վերջին տարիներին ոստիկանության ղեկավարության որդեգրած քաղաքականությամբ` ոչ մի դեպք հաշվառումից չթաքցնել: «Նախկինում արատավոր պրակտիկա կար, խնդրին բազմիցս անդրադարձել ենք խորհրդակցությունների ընթացքում եւ, կարծում եմ, հասել ենք ցանկալի արդյունքի: Հանցագործությունը թաքցնելու դեպքում ոստիկանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, համակարգից, նաեւ քրեական պատասխանատվության կենթարկվի», -ամփոփելով անցնող տարին` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ոստիկանապետի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ համակարգի ձեռքբերումներին, խնդիրներին, հանցագործությունների վիճակագրությունն էլ ներկայացրել է ոչ թե 11 ամիսների կտրվածքով, այլ հարցազրույցի պահի դրությամբ` օնլայն հետեւելով ամփոփագրի շարժին:

-Պրն Պողոսյան, կխնդրեի ամփոփել 2013 թ. ոստիկանության գործունեությունը: Ինչպիսի՞ն է տարվա ընթացքում արձանագրված հանցագործությունների դինամիկան:

-Հանրապետությունում արձանագրվել է 17 հազար 548 հանցագործություն: Նվազել են կողոպուտի դեպքերը, տարեվերջին որոշակի շարժ նկատվեց սեփականության դեմ ուղղված հանցագործություններով` 341-ով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Դա որոշակիորեն պայմանավորված է նաեւ համաներման կիրառմամբ: Ընդհանուր բացահայման աշխատանքներն էլ, ինչպես միշտ, բարձր են: Կցանկանայի ընդգծել նախորդ տարիներին արձանագրված մի շարք հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` այդ թվում նաեւ սպանությունների, ավազակային հարձակումների եւ այդօրինակ հանցագործություններ կատարելու համար հետախուզվողների հայտնաբերման աշխատանքները: Պետք է ասեմ, որ 2013-ը հագեցած էր մի շարք համապետական միջոցառումներով` ՀՀ նախագահի, ՏԻՄ մարմինների ընտրություններ եւ այլն: Ոստիկանությունում ձեւավորված շտաբը, որը ոստիկանության պետի հանձնարարությամբ ես էի ղեկավարում, հստակ, օրենքով սահմանաված կարգով իր գործառույթներն իրականացրեց հասարակական կարգի պահպանության ու ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու, անցկացնելու առումով: Վկան` մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությոնների բարձր գնահատականներն էին: Ոստիկանության պետը եւս բարձր է գնահատել մեր աշխատանքը: Իհարկե փոքր թերություններ էլ արձանագրվեցին: Ողջ տարվա ընթացքում հասարակական բազում միջոցառումներ եղան` երթեր, ցույցեր եւ ոստիկանությունը պատշաճ հասարակական կարգի պահպանություն իրականացրեց:

-Մամուլում հաճախ կարելի է հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցների` ոստիկանների դեմ ուղղված քննադատություններին: Ինչպե՞ս եք արձագանքում հանգամանքին:

-Միջադեպեր եղել են եւ բոլոր դեպքերով ծառայողական քննություններ են անցկացվել: Ցավոք, ավելի շատ բողոքում են նրանք, ովքեր սադրում են: Ոստիկանության անձնակազմին հստակ հանձնարարական է տրված, նրանք լավ գիտեն օրենքով վերապահված իրենց գործառույթները եւ գործում են այդ շրջանակում: Ավելին, որեւէ գործողություն կատարելուց առաջ մի քանի անգամ նախազգուշացնում են: Քաղաքական ակտիվություն դրսեւորած որոշ անձինք առանձնանում են ագրեսիվ վարքագծով, սադրանքներ հրահրելով, բայց ոստիկանությունը երբեք չի ընկրկելու որեւէ մեկի առաջ, մենք մեր գործառույթներն ենք իրականացնելու:

-Ի դեպ, կարգապահական պրակտիկայի մասին: Համակարգում ձեւավորված հանձնաժողովն ունի՞ արդեն դիմում-բողոքներ:

-Նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքը կարևորվում է որպես հանրային վերահսկողության երաշխիք: Իրավապահների կողմից թույլ տրված կարգապահական խախտման փաստի առկայության դեպքում հենց այս մարմինը կքննարկի հարցն ու համապատասխան որոշում կկայացնի: Հանձնաժողովի հրապարակային և անաչառ գործունեությունը կնպաստի հասարակության և ոստիկանության փոխվստահության ամրապնդմանը: Ստրասբուրգում վերջերս կայացած համաժողովում ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել, համարվել է խրախուսելի և որպես լավագույն փորձի օրինակ՝ կիրառման հանձնարարվել կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ կառույցների պատվիրակություններին:Նշվել է նաեւ, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն Հայաստանի ոստիկանության գործունեության վերաբերյալ: Արձանագրվել է, որ մեր ոստիկանության գործունեության մեջ հասարակության ներգրավվածությամբ կարգապահական հանձնաժողովը բացառիկ օրինակ է տարածաշրջանում և համաժողովի մասնակից պետությունների ներկայացուցիչներին առաջարկվել է ուսումնասիրել և օգտագործել այդ փորձը: Պետք է ասեմ, որ ոստիկանության ղեկավարությունը երբեք չի խուսափել խոսել համակարգի թերությունների, սխալների մասին: Դիմում-բողոքներ արդեն ստացել ենք, դրանք բոլորն էլ մանրակրկիտ կուսումնասիրվեն: Կողմ ենք առողջ քննադատությանը: Օգնեք ազատվել կիսագրագետ, անգրագետ, ինչ-ինչ եղանակներով ժամանակին համակարգ ներթափանցածներից օբյեկտիվ ու սրտացավ մոտեցմամբ եւ, բայց ոչ երբեք սադրելով, հրահրելով կեղծիքներ տարածելով: Ինչու են կարծում, որ մեզ կարգազանց ոստիկան է պետք: Ոստիկանապետի առաջ քաշած նշանաբաններն են` ոստիկանությունը վերադարձնել ոստիկանին եւ ոստիկանի անձնական պատասխանատվության սկզբունքը: Վերջին երկու տարվա մեր քաղաքականությունն է եւ այս հարցում խստապահանջ ենք: Եվ ի վերջո ծառայելով օրենքին, ծառայում ենք ժողովրդին կարգախոսը մեզ համար գեղեցիկ խոսքեր չեն այլ ուղեցույց եւ գործունեության ծրագիր: Ցավոք, հասարակական կազմակերպություններից էլ քչերն են սրտացավ համգործակցում, որոշներն ուղղակի քննադատում են, ամեն ինչին նայելով միայն սեւ ակնոցով:

-Պրն Պողոսյան, թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի օրեր առաջ կայացած նիստում ահազանգ հնչեցվեց համամարդկային չարիքի` թմրամոլության դեմ պայքարի վերաբերյալ:

-Վիճակագրական տվյալները հաշվառված պատկերն է, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ որոշ երկրներ այդ թիվը բազմապատկում են մի քանի անգամ: Թմրամոլությունը չարիք է, որ սպառնում է նաեւ մեր պետությանը, ներքաշելով իր ճիրանները երիտասարդներին: Միջգերատեսչական հանձնաժողովը տեւական ժամանակ չի գործել, աշխատանքները նոր են վերսկսվել, համոզված եմ, որ միասին կարող ենք ցանկալի արդյունքի հասնել: Դպրոցների, բուհերի հետ ամենօրյա աշխատանք է պետք իրականացնել: Մեզ մոտ ավելի ռեալ է տարանցիկ երկիր դառնալու վտանգը: Հայաստանը համարվում է տարանցիկ ճանապարհ թմրամիջոցների անցկացման համար: Այս առումով համակարգված աշխատում ենք ուժային բոլոր կառույցների` ԱԱԾ, դատախազություն, սահմանապահ զորքեր, ՊԵԿ հետ: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին թմրամիջոցների լուրջ խմբաքանակ է հայտնաբերվել: Այնպիսի սոսկալի վիճակ չէ, ինչպես այլ երկրներում, բայց մտահոգվելու առիթ կա: Վերջերս խնդրին անդրադարձ եղավ նաեւ Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեց Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի, դրանում ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը դիմակայելու ուղղությամբ իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերի բարձրացման, անդրազգային թմրահանցագործությունների դեմ պայքարի կատարելագործման հարցը: Միջգերատեսչական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ էլ հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դրական գնահատելով կատարած աշխատանքը, հստակ հանձնարարական տվեց հանձնաժողովի անդամներին եւ աշխատանքային խմբերին:

-Անցնող տարվա ընթացքում քննադատությունների թիրախում հայտնվեցին նաեւ կադրային փոփոխությունները: Արդարացվա՞ծ էին ի վերջո այդ տեղաշարժերը:

- Ոչինչ ինքանպատակ չարվեց: Կադրային փոփոխությունները վերլուծությունների հիման վրա եւ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նկատառումով արվեցին: Փոխվեցին նաեւ բացահայտ ձախողված ղեկավարներ: Տարվա ընթացքում համակարգից ազատվողներ էլ եղան: Ցավոք, լավ կադրեր քիչ կան, բայց դա չի նշանակում, որ կարող ենք աչք փակել բացասական երեւույթի վրա :

-Պրն Պողոսյան այս տարի կարծես մեծ ուշադրություն դարձվեց նաեւ շենքային պայմանների բարելավմանը: Փաստն ակնհայտ է ինչպես ՀՀ ոստիկանության շենքի մուտք ոտք դնելիս, այնպես էլ` տարածքային բաժինների դեպքում:

-Կադրային փոփոխություններին, բարոփոխումներին զուգընթաց, մեր ուշադրության կենտրոնում է նաեւ սոցիալական եւ կենցաղային խնդիրների լուծումը: Գալիք տարի աշխատանքներն այդ ուղղությամբ կշարունակվեն: 2013-ին շահագործման հանձնեցինք մի քանի նոր` այդ թվում նաեւ Անձնագրային ու վիզաների վարչության, Ոստիկանության Կենտրոնի, Գյումրու, Վանաձորի բաժինների նոր վարչական շենքերը: Ոստիկանության գրեթե բոլոր տարածքային բաժիններում էլ նորոգման աշխատանքներ իրականացվեցին եւ ընթացքի մեջ են:

-Վերջին հարցը թերեւս, ինչպե՞ս է իրականացվելու ծառայությունն Ամանորին:

-Նախ շնորհավորում եմ գալիք Ամանորի եւ Ծննդյան տոների առիթով մեր հայրենակիցներին, ոստիկանության իմ գործընկերներին, մեր շատ սիրելի վետերաններին: Տոնական օրերին ծառայությունը կիրականացվի ուժեղացված ռեժիմով: Պիտի խնդրեմ ու պահանջեմ մեր ազգաբնակչությանը հարգել օրենքը, որտեղ խախտվեց այլոց իրավունքները կմիջամտենք մենք` օրենքով վերապահված լիրազորությունների շրջանակում: Ցանկությունս է, որ մեր շարքերում միշտ լինեն վետերանները: Հանցագործության դեպքեր ունենք, երբ բացահայտվել են հենց վետերանների կողմից: Ավագ գործընկերները հսկայական աշխատանք են տարել նաեւ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կարծում եմ փորձի փոխանակումը, ամենօրյա աշխատանքը վետերանների հետ կարող է միայն օգտակար լինել: Վետերանները մեր մշտական ուշադրության կենտրոնում են եւ ոստիկանության ղեկավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում նրանց հանդեպ:

Հարցազրույցը` Մարինե Ավանեսյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում