ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին յուրաքանչյուր ընտանիքում տոնական մթնոլորտ ապահովող կարևոր բաղադրիչներից է: Ամանորի գիշերը և դրան հաջորդող օրերին ցուցադրվող հաղորդման հետաքրքրությունից է կախված տվյալ ալիքի բարձր դիտողականությունը: «Արմենպրես»-ը պարզել է, թե ինչ են ցույց տալու տեղական հեռուստաալիքները Ամանորի գիշերը:
Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ սիրված այս տոնը Հանրային հեռուստատեսության մեծ ընտանիքը՝ ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, կդիմավորեն միասին՝ «Ամանորը Առաջինում» տոնական ծրագրով: Կեսգիշերից հետո մեկնարկող այս համերգային ծրագրում հեռուստադիտողներն էկրաններիրց կլսեն տարբեր ժանրերի երաժշտական կատարումներ, հայտնի և սիրված դեմքերի շնորհավորանքներ ու մաղթանքներ, ինչպես նաև ականատեսը կդառնան մի շարք անակնկալների: Տոնական եթերը կվարեն Հրանտ Թոխատյանը եւ Ավետ Բարսեղյանը:
Ամանորի գիշերը կհանգուցալուծվի երաժշտական ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. եթերի ժամանակ հայտնի կդառնա այն մասնակցի անունը, ով 2014-ին Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Տոնական օրերին Հանրայինի եթերացանցը հագեցած կլինի հայկական և արտասահմանյան սիրված ֆիլմերով: Բացառիկ իրավունքով կցուցադրվեն 20th Century Fox, Disney եւ այլ ճանաչված ընկերությունների ամանորյա, ընտանեկան սիրված ֆիլմեր եւ մուլտֆիլմեր: Առաջին անգամ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն շատ սիրված «Տանը մենակ» ֆիլմաշարի 4 սերիաները, «Ալիսան հրաշքների աշխարհում» և այլ ֆիլմեր: Դասական երաժշտության սիրահարների համար Առաջին ալիքն ունի անակնկալներ: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրել Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը, դիտել Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը: Դեկտեմբերի 31-ին եթերում կլինեն «Առավոտ լուսո», «Երգ երգոց», «Ճակատագրով՝ կին» հաղորդումների տոնական թողարկումները:
«Արմենիա» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 31-ին իր հեռուստադիտողին կառաջարկի դիտել «Ամանորի ձայնը» հաղորդումը: Նույն օրը եթերում կլինի «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ներկայացուցիչների մասնակցությամբ դիսկոտեկ: Հեռուստաեթերի մյուս հաղորդումները ևս կունենան տոնական ուղղվածություն:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության` «Երկրի Ամանորը» համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կուենան հայկական երգարվեստի ներկայացուցիչները: Ծրագրերի ղեկավար Սուսաննա Տոնիկյանը պատմեց, որ ի տարբերություն նախորդ տարվա` այս անգամ «Երկրի Ամանորը» կներկայանա նոր ձևաչափով: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում տեղ կգտնեն նաև նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր` այդպիսով ապահովելով նաև փոքրիկ հեռուստադիտողների պահանջները:
Հայկական 2-րդ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Նունեա Էլմասյանը նշեց, որ այս տարի հեռուստաալիքը ձեռք է բերել երեք նոր ֆիլմեր առաջինը ցուցադրելու իրավունք: Դեկտեմբերի 31-ին միմյանց հաջորդելով կցուցադրվեն «Վազիր կնոջդ մոտ», «Նախաճաշ 2-ի համար» հայկական նոր կինոկատակերգությունները, ինչպես նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Պապ 005» կատակերգությունը: Հ2-ի եթերն արդեն կեսգիշերն անց տեղ կգտնի երաժշտությունը` Ներսիկ Իսպիրյանի կատարմամբ: «Քաղցած չէին սպասում» հաղորդման հյուրը կլինի հանրահայտ System of a Down խմբի անդամ Շավո Օդաջյանը: «Մագ ավտո +» խաղորդումը ևս տոնական թեմատիկա կունենա: Հեռուստաալքիը կցուցադրի նաև ռուսական արտադրության «Իմ ընկերը հրեշտակ է» ֆիլմը:
«Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի ղեկավար Արա Գալոյանի տեղեկացմամբ` իրենց եթերում դեկտեմբերի 31-ին կլինի «Մշակութային ազդագիր» հաղորդման տոնակական հատուկ թողարկումը: Այնուհետև կեսգիշերն անց հեռուստադիտողին կընձեռնվի հնարավորություն դիտել հեռուստաալիքի` 2013 թվականին նկարահանած համերգներից ծաղկաքաղ: Գալոյանը շեշտեց, որ ալիքը, ելնելով իր հոգևոր ուղղվածությունից, առանձնահատուկ է ներկայանում հեռուստադիտողին հատկապես Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, որի ընթացքում ցուցադրվում են տոնի մասին ոչ միայն լրատվական, այլև բազմաձևաչափ այլ հաղորդոմներ:
«Ար» հեռուստաընկերության ծրագրերի կորդինատոր Անահիտ Կարագուլյանը ներկայացրեց, որ ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների` որոշել են Ամանորի գիշերը ոչ թե համերգներ, այլ հին, խորհրդային ֆիլմեր ցույց տալ, որոնց թվում են «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Դիմակահանդեսային գիշեր» սիրված ֆիլմերը: «Ար»-ը տոնական օրերին կներկայացնի նաև շնորհավորական բարեմաղթանքներ, մուլտֆիլմեր, ինչպես նաև կառաջարկի արտասահմանյան կատակերգություններ:
«Կենտրոն» հեռուստաալիքը կեսգիշերն անց և հետո կցուցադրի տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը, որին կհաջորդի տոնական համերգ` «огонек»-ը: Հեռուստաալիքի մյուս բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: «Կենտրոնը» ևս կցուցադրի մեծ և փոքր լսարանի համար նախատեսված ֆիլմեր և մուլտֆիլմեր:
«Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանը նշեց, որ «Ամանորը Շանթում» ծրագիրն այս անգամ հեռուստադիտողին կներկայանա բոլորովին նոր բովանդակությամբ և ձևաչափով: Բացի դրանից, այն ավելի քան երբևէ բազմամարդ է լինելու` մի քանի սերունդների ամենասիրված ու հայտնի դեմքերով, բնականաբար, վիտամինային մթնոլորտում: «Ամբողջությամբ չբացելով փակագծերն՝ ուղղակի տեղեկացնենք, որ այս անգամ երգիչ-երգչուհիները հանդես են գալու իրենց երկրպագուների համար խիստ անսպասելի և անակնկալ կատարումներով: Նրանք կատարելու են երգեր ոչ թե իրենց, այլ գործընկերների երգացանկից, ոչ թե իրենց ոճին և ուղղվածությանը մոտ, այլ արմատապես տարբերվող: Հայկական էստրադայի կատարողներից և ոչ մեկին հեռուստադիտողն այդպիսին չի տեսել: Պատկերացնո՞ւմ եք Ալլա Լևոնյանին` ռեգի ոճի երգչի կերպարով «Ռեինկարնացիայի» երգացանկից մի երգ կատարելիս, կամ Սյուզան Մարգարյանին՝ Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգը կատարելիս… Անհավատալի՞ է: «Շանթ»-ի ամանորյա եթերում ամենաանհավանականն էլ հնարավոր է: «Շանթի» հավատարիմ հեռուստադիտողները «Ամանորը Շանթում» ծրագրին կարող են միանալ դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին: Ծրագիրը կվարեն սիրված շոումեն Գրիշա Աղախանյանը և «Առավոտը Շանթում» ծրագրի հաղորդավարուհի Վարդուհի Ալեքսանյանը»,-ասաց Մարտիրոսյանը:
Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը