ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Եվա Ռիվասը երկար դադարից հետո իր երկրպագուներին անակնկալ կմատուցի` նոր երգի տեսքով: Մինչև Ամանոր պատրաստ կլինի Ռիվասի «Հայաստան» երգը, որը բաղկացած է հայերեն և ռուսերեն երկու քառատողերից: Երգի հեղինակն է Աննա Հովները, ով երգեր է գրում էստրադայի շատ ներկայացուցիչների համար: Այժմ երգը ձայնագրման փուլում է:
«Այնքան գեղեցիկ երգ է, որ գուցե և օրհներգ դառնա: Երգի ձայնագրման գործում ներգրավված են նաև փոքրիկ երգիչներ: Մինչև դեկտեմբերի 31-ը նոր երգը կհայտնվի համացանցում, իսկ Ամանորից հետո կնկարահանվի տեսահոլովակ: Այն հավանաբար պատրաստ կլինի փետրվարին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվա Ռիվասը:
Խոսելով երկար ժամանակ Հայաստանից բացակայելու մասին` Ռիվասը նշեց, որ ուրախ է Հայաստան վերադառնալու համար: «Վերջին 3 անգործ տարիներն ինձ համար այնքան էլ հեշտ չեն եղել, և ես ուրախ եմ, որ Հայաստան եմ եկել և մոտակա կես տարին այստեղ եմ անցկացնելու: Աշխատանք շատ ունեմ: Ցանկանում եմ ասել իմ երկրպագուներին, որ այստեղ եմ, և ինձ համար շատ կարևոր է, որ իմ բացակայության ընթացքում ինձ չեն մոռացել և հաճախ են ինձ նամակներ գրել: Իմ բացակայության ժամանակ տհաճ լուրեր են պտտվել իմ անվան շուրջ, այդ պատճառով ես նոր էջ եմ ցանկանում սկսել իմ կարիերայում»,- հավելեց Ռիվասը:
Երգչուհին նշեց, որ այժմ պրոդյուսեր չունի, և ինքն է զբաղվում իր գործերով: Նրան օգնության ձեռք են մեկնում իր ընկերները:
Երգչուհի Եվա Ռիվասը (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան) Հայաստանը 2010թ.-ին ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում`Apricot Stone երգով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Ծնվել և մեծացել է Դոնի Ռոստովում: Ռիվասը նախատատի ազգանունն է, որը Եվան այժմ օգտագործում է որպես կեղծանուն: