Մշակույթի նախարարը գորգերի հանրահռչակման ծրագիրը համարում է հաջողված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գորգերի հանրահռչկման ծրագիրը տարվա կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարի համոզմամբ` մշակութային միջոցառումների շնորհիվ հայկական գորգերի վերաբերյալ ստացվեցին նոր տեղեկություններ:

«Մենք երբևիցե ամբողջական ձևով չէինք անդրադարձել այս թեմային և խնդիր ունեինք առաջին հերթին բացել գորգերի մշտական ցուցադրությունը: Մենք նպատակ ունեինq ներկայացնել գորգը տարբեր հարթակներում, անցկացնել միջազգային համաժողով և տպագրել գորգերի վերաբերյալ այն բոլոր նյութերը, որոնք մինչ օրս տպագրված չեն: Նշանակալից է, որ տպագրվեց գերմանացի արվեստաբան Ֆոլքմար Գանցհորնի գիրքը` արևելյան գորգերի մասին: Այս գիրքը տպագրվել էր 5 լեզվով, բայց հայերենով այն չկար: Գանցհորնի գիրքը մեզ համար մեծ գիտական նյութ էր` հայկական գորգերի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարը նշեց, որ գորգերի հանրահռչակման նպատակով Հայաստանի տարբեր մշակութային օջախներում բացվեցին ժամանակավոր և մշտական ցուցադրություններ: «Հայկական գորգերն այսօր պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում` Մետրոպոլիտենում, Էրմիտաժում և այլ վայրերում: Մենք այս միջոցառումներով լրացրեցինք այն բաց հարցերը, որոնք ունեինք գորգագործության վերաբերյալ»,- փաստեց Պողոսյանը:

«Քրիստոնեա -արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» աշխատության հեղինակ Գանցհորնը նոյեմբերին Հայաստան այցի ընթացքում նշել էր, որ զբաղվել է հայկական գորգարվեստի 2, 5 հազար տարվա հարուստ պատմության ուսումնասիրմամբ: «Իմ գիրքը նվիրված է հայկական զարդարվեստին: Եթե ազնիվ լինեմ, պետք է ասեմ, որ գրքի ստեղծումը միանգամայն պատահական եղավ: Ես արվեստի պատմության մասնագետ եմ, և ինձ մի գորգ էին տվել տարիներ առաջ, որի ծագումը պետք է պարզեի»,- պատմել էր Գանցհորնը: Գերմանացի արվեստաբանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով`հայ գորգագործությունն արժանվույնս աշխարհին ներկայացնելու և հայկական գորգարվեստի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայերեն English