Հայաստանը կներդնի տնային կալանք խափանման միջոցը. ՀՀ արդարադատության նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բարեփոխումների ծրագրի շրջանակում ներմուծվելու են այլընտրանքային պատժի ձևեր՝ նպատակ ունենալով նաև թեթևացնել քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Այդ մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Մեզանում առավելապես տուրք է տրվում կալանքին՝ որպես խափանման միջոցի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեզ մոտ այլընտրանքային խափանման միջոցները, ըստ էության, գոյություն չունեն: Այնպիսի խափանման միջոցներ, ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը, ներմուծվելու են օրենսգրքով և պիտի հուսանք, որ դրանք ամրագրելուց հետո մենք առաջիկա տարիներին էապես կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը: Թովմասյանը տեղեկացրեց, որ համապատասխան օրենսդրական փաթեթը գտնվում է Ազգային Ժողովում: Նա հույս հայտնեց, որ գարնանային նստաշրջանում նախագծի շուրջ աշխատանքներն ավարտված կլինեն և աշնանը Քրեական դատավարության բարեփոխված օրենսգիրքը կմտնի կիրառության մեջ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումների աշխատանքները մեկնարկել են ավելի քան 3 տարի առաջ: