ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունն այս տարի կլինի միակ միջոցառումը, որը կամփոփի հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների 2013 թվականի աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 13-ին կայանալիք մրցանակաբաշխությանն ընդառաջ հրավիրված ասուլիսում կազմակերպիչ «Դար-21» հեռուստաալիքի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը նշեց, որ ութ տարվա կենսագրություն ունեցող այս միջոցառումը նոր ձևաչափով անցկացվում է արդեն երրորդ անգամ:
«Նախկինում մենք միայն թվային հաշվարկներ էինք ներկայացնում «Հայ հինգ» ծրագրի շրջանակում և ըստ անվանակարգերի բաշխում էին դրանք: Այն բանից հետո, երբ բավական շատ էին խոսակցություններն այն մասին, որ քվեարկությունը փակ է և արդար չէ, մենք մտահղացում ունեցանք այն անցկացնել տեսախցիկների առաջ` բաց տարբերակով, որի ընթացքում երգիչ-երգչուհիները, շոու-բիզնեսի անցուդարձին հետևողները մասնակցում են քվեարկությանը, ձայն տալիս իրենց կոլեգաների օգտին»,- պատմեց Հարությունյանը` հավելելով, որ այս մոտեցումը հնարավորություն է տալիս նաև պահպանել մրցանակաբաշխության նկատմամբ հետաքրքրվածության դինամիկան:
Կայանալիք մրցանակաբաշխությունը կազմված է լինելու երկու` համերգային և բուն մրցանակաբաշխության բաժիններից: Բեմադրիչ Արսեն Նավասարդը խոստացավ, որ մասնակիցներին հետաքրքիր և անակնալ շոու է սպասվում: Նախագծի ղեկավար Աննա Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ հեռուստաալիքը վերջին շրջանում ակտիվ համագործակցում է նաև ռուսական գործընկեր հեռուստաալիքների հետ և այդ համագործակցության արդյունքների մասին շուտով հանրությանը հայտնի կդառնա:
Մրցանակաբաշխությունը կտարբերվի նրանով, որ ոչ պաշտոնական տարբերակում կներկայացնի նաև «Վատագույն արտիստ» անվանակարգը, որը չի ընդգրկվել պաշտոնական անվանակարգերում: Վիրտուալ տիրույթում իրականացված այս անվանակարգի «հաղթող»-ի մասին հանրությանը կիրազեկվի հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ընթացքում:
«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխության 2012 թվականի «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթած երգիչ Էրիկը նշեց, որ «Վատագույն արտիստ» անվանակարգին նորմալ է վերաբերվում և կարծում է, որ այն լավ աշխատելու խթան կարող է հանդիսանալ երգարվեստի ներկայացուցիչների համար:
«Տարին պետք է ամփոփվի, բոլոր մրցանակաբաշխությունները փակվեցին վերջին տարիներին և մնաց միայն այս մրցանակաբաշխությունը»,- ասաց Էրիկը:
Պատասխանելով «Արմնպրես»-ի հարցին` Գոռ Հարությունյանը նշեց, որ որպես մրցանակ շոու-բիզնեսի ներկայացուցիչները արդեն երկրորդ տարին անընդմեջ կստանան Deem communications ընկերության հեղինակած հեռուստացույց խորհրդանշող ոսկեզօծ արձանիկ, որի արժեքը 400 ԱՄՆ դոլար է: «Երաժշտական հեռուսաալիքի պարագայում, արձանիկի վրայի ականջակալը լավագույնս է արտահայտում երաժշտական լինելու փաստը: Մրցանակի հետ ոչ մի այլ թուղթ չենք հանձնում»,- նկատեց պրոդյուսերը` ավելացնելով, որ մրցանակը տարբերվող է և ժամանակակից:
Մրցանակաբաշխությունը կորոշի հաղթողներին` «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն կատարում», «Տարվա հիթ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն համագործակցություն» յոթ անվանակարգերում:Կազմակերպիչները սահմանել են ևս մեկ անվանակարգ` «Տարվա արտիստ», որի հաղթողին որոշել է հեռուստադիտողը` քվեարկելով հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:
«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել է հիսունից ավելի հանրային մարդ, իսկ ֆեյսբուքյան քվեարկությանը մասնակցողների թիվը գերազանցել է 7500-ը:
Հեռուստադիտողները հնարավորություն կունենա դիտել մրցանակաբաշխությունը «Դար-21» հեռուստաալիքի դեկտեմբերի 31-ի եթերում: