ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն և հույն հայտնի երգիչ Սակիս Ռուվասը հանրության դատին են հանձնել իրենց նոր «Տես» տեսահոլովակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ավելի վաղ Սիրուշոն հարցազրույց էր տվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական eurovision.tv կայքին` խոսելով Ռուվասի հետ իր համագործակցության և կրկին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հնարավորության մասին:
«Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն. երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու զայրանում ենք, բայց և հաստատապես գիտենք ինչպես զվարճանալ: Հայերը և հույները աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Մեր երկրների ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, և այն երգով նշանավորելը բնական է ինձ համար»,- նշել է Սիրուշոն:
Պատասխանելով այն հարցին` չի՞ ցանկանում կրկին ելույթ ունենալ «Եվրատեսիլ»-ում` Սիրուշոն նշել է, որ թեև իր համար անչափ հաճելի է երկրպագուների նման ցանկությունը, բայց փորձում է առաջ շարժվել և աճել որպես արվեստագետ: «Տեղյակ եմ, որ երկրպագուները ցանկանում են, որ իմ «Պռեգոմեշ» երգը ներկայացվի «Եվրատեսիլ»-ում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Սակայն այժմ ես այլ հարթությունում եմ գտնվում, ես առաջ եմ շարժվել: «Եվրատեսիլ»-ն ինձ հնարավորություն տվեց աճել և զարգանալ որպես արվեստագետ և հիմա էլ փորձում եմ շարունակել այդ ուղին»,- նշել է Սիրուշոն:
Երգչուհին ներկայացրել է «Եվրատեսիլում» Հայաստանը 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանը «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է:
Սակիս Ռուվասը ներկյացրել է Հունաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում 2004 թվականին: