ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին
1 րոպեի ընթերցում
![ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/743260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանըողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: