Տնտեսություն

Հայաստանը գրավիչ ու հայտնի է դառնում արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում

3 րոպեի ընթերցում

Հայաստանը գրավիչ ու հայտնի է դառնում արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցտարի ավելանում է Հայաստանում Ամանորը անցկացնողների թիվը, դրան զուգահեռ աճում է նաև ներգնա զբոսաշրջությունը ձմեռային սեզոնին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Արտասահմանցի զբոսաշրջիկները Հայաստան են գալիս նաեւ խմբերով ու այցելում պատմամշակութային և հանգստյան վայրեր Երևանում և Հայաստանի տարբեր շրջաններում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մեխակ Ապրեսյանը: Հայաստանում ծառայությունների որակը գնալով բարձրանում է, գնալով Հայաստանն ավելի հայտնի ու գրավիչ է դառնում համաշխարհային զբոսաշրջության շուկայում: «Հայաստանից զբոսաշրջիկները հիմնականում գոհ են հետ վերադառնում և նույնիսկ իրենց սպասելիքները գերազանցած»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանն էլ փաստեց, որ նկատելի է զբոսաշրջիկների աճ ամեն տարի: «Որքան էլ արտագնա տուրիզմ են գովազդում, այնուամենայնիվ, մենք նկատում ենք զբոսաշրջիների հոսք դեպի Ծաղկաձոր: Անցյալ տարի ձմեռային ամիսներին ունեցել ենք 1500 զբոսաշրջիկ, այս տարի ակնկալում ենք ունենալ ավելի շատ զբոսաշրջիկներ»,-ասաց Գարիկ Հայրապետյանը` նշելով, որ դրա համար կան նախադրյալներ, քանի որ անընդհատ առաջանում է նոր հյուրանոցների կառուցման պահանջարկ:

Փոխքաղաքապետի խոսքով` Ծաղկաձորն առանձնանում է նրանով, որ այնտեղ կարելի է գտնել հանգիստ գնային տարբեր առաջարկներով: «Մենք ապահովում ենք բարձր մակարդակի ծառայություններ և մատչելի գներ` համեմատած արտասահմանյան երկրների: Ծաղկաձորը գրավիչ է նրանով, որ առաջարկում է բոլորին հարմար ծառայություններ»,-նշեց Գարիկ Հայրապետյանը:

Հարցին, թե որքան է նվազագույնը կազմում մեկ անձի համար յոթօրյա ամանորյա հանգիստը Ծաղկաձորում` Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ծառայությունները սկսում են 130 հազար դրամից մինչև անգամ 3միլիոն դրամ: « Չորս տասնյակից ավելի հյուրանոցներ կան Ծաղկաձորում: Որքան բարձր է հյուրանոցի կարգավիճակը, այնքան էլ գներն են բարձր: Պետք է նշեմ, որ Ծաղկաձորում կան մատչելի և լավ ծառայություն մատուցող հյուրանոցներ: Երեք անգամյա սնունդ, ամանորյա տոնակատարություն, սուրբծննդյան բանկետ ներառող յոթօրյա հանգիստը մեկ անձի համար կարժենա նվազագույնը 130 հազար դրամ»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

2012 թվականին 2011-ի համեմատ զբոսաշրջության աճը կազմել է 11.3 տոկոս: 2013 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 670 հազար 906 մարդ, որը 12.4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ: Հայաստան ամենաշատը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում