Թուրքագետն ու քաղաքագետը տարակարծիք են Նալբանդյան-Դավութօղլուի հավանական հանդիպման հարցում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրիքայի արտգործնախարարը Ահմեդ Դավութօղլու այցը Հայաստան Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կրում է շոուի բնույթ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` նշելով, որ պաշտոնական Անկարան կփորձի աշխարհին ցույց տալ, որ քայլեր է անում բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները: «Դավութօղլուի այցը տեղավորվում է Թուրքիայի վերջին տարիների ռազմավարության մեջ, երբ մակերեսային քայլերով փորձում է տպավորություն ստեղծել, որ հակված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև ղարաբաղյան հարցի բանակցություններում դերակատարում ստանձնելու նրա բուռն ցանկություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով` Դավութօղլուի համար հայ-թուրքական հարաբերությունների վերագործարկման իմիտացիոն հնարավորությունը փրկօղակ կարող է ծառայել: «Նա համոզելու է Հայաստանին գնալ ինչ-ինչ քայլերի, որ վերականգնի իր իմիջը: Կարծում եմ` ինչ-որ բան միգուցե ստացվի, քանի որ թուրքական լրատվամիջոցները շատ լավ համագործակցում են միջազգային լրատվամիջոցների հետ և, ցավոք սրտի, նախաձեռնողականությունը մեր ձեռքում չի»,- ասաց Արտակ Շաքարյանը:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով` Հայաստանը պետք է խուսափի Նալբանդյան-Դավութօղլու երկկողմ հանդիպումից: «Հայկական կողմի ցանկացած փորձ ունենալ հանդիպում Դավութօղլու հետ կդիտվի թուրքական ջրաղացին ջուր լցնելու քայլ»,- ասաց Երվանդ Բոզոյանը` հավելելով, որ այդ երկխոսությունից կշահի Թուրքիան, և կտուժի Հայաստանը:
Նա նաև համարում է, որ հայկական կողմը պետք է հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից ու փակի երկխոսությունը: «Թուրքիան չի թաքցնում, որ իր խնդիրները տեղափոխելու է ղարաբաղյան հակամարտության դաշտ: Մենք պետք է փակենք երկխոսությունը նրանց հետ»,- նշեց նա:
Արտակ Շաքարյանի խոսքով` Նալբանդյան- Դավութօղլու հանդիպում, եթե անցկացվի, այն պետք է լինի բաց, թափանցիկ ձևաչափով: «Առաջարկում են այդ հանդիպումն անցկացնել ուղիղ եթերում: Կարծում եմ` որքան թափանցիկ լինենք, այնքան չարաշահումների տեղիք չենք տա»,- նշեց Արտակ Շաքարյանը` հավելեով, որ եթե Թուրքիան ցանկանա, կարող է հայտարարել, որ հանդիպում եղել է նույնիսկ այն դեպքում, երբ երկկողմ հանդիպում տեղի ունեցած չլինի:
Երվանդ Բոզոյանի խոսով էլ` բաց-թանփանցիկ հանդիպումը լուրջ չի և Հայաստանի քայլը պետք է լինի ոչ մի հանդիպման չգնալը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Նա հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո որոշում է կայացրել, որ պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: