«Սպարտակ»-ը հաղթանակ կորզեց «Ռոստով»-ից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռոստով»-ի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` և առաջին, և երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր գնում: «Ռոստով»-ի ֆուտբոլիստները բավականին հաջող պաշտպանվելու հետ մեկտեղ նաև սուր հակագրոհներ էին կազմակերպում: Սակայն խաղավարտից 2 րոպե առաջ Ահմեդ Մաջիդ Մորիսի խփած գնդակի շնորհիվ մայրաքաղաքայիններն առավելության հասան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր, սակայն 43-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց:
Այժմ «Սպարտակ»-ն իր ակտիվում ունի 39 միավոր և կրկին երրորդ տեղում է: Այս խաղը վերջինն էր մայրաքաղաքայինների համար այս տարում: Հաջորդ հանդիպումը «Սպարտակ»-ը կանցկացնի 2014 թվականի մարտին: