Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ին մնացել են հաշված ժամեր

4 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ին մնացել են հաշված ժամեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաքի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ի երեկոյան Be Creative նշանաբանի ներքո կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին մնացել են հաշված ժամեր: Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանն իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով ելույթ կունենա 3-րդ համարի ներքո` հաջորդելով Շվեդիային և Ադրբեջանին: Մոնիկայի հետ բեմում լինելու են նաև նրա ընկերները, ովքեր մարմնավորելու են շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցներին:

Կիևից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը պատմեց այժմ այնտեղ կատարվող եւ սպասվելիք իրադարձությունների մասին:

«Կիևում բավական ցուրտ է: Մոնիկան վատառողջ էր, սակայն մենք խնայում էինք նրա ձայնը, չէինք թողնում, որ երեխաների հետ շատ աղմկի: Այժմ նա արդեն լավ է իրեն զգում և բարձր տրամադրությամբ պատրաստվում է ելույթին»,- ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով` երեխաները բացի մրցույթի նախապատրաստական աշխատանքներից մասնակցել են էքսկուրսիաների, այցելել են ուկրաինական ամենահայտնի «Ռոշեն» ընկերության ֆաբրիկա, հետևել շոկոլադի պատրաստման աշխատանքներին:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ Կիևում եվրատեսիլային օրակարգից անմասն չեն մնացել նաև այնտեղ բնակվող հայերի հետ հանդիպումները:

Անդրադառնալով Հայաստանի` 3-րդ համարի ներքո հանդես գալու փաստին, Գասպարյանը նշեց, որ իրենք այն կապել են նաև Սուրբ երրորդության գաղափարի հետ` հույս ունենալով, որ թիվը մեր պատվիրակին հաջողություն կբերի:

Մեր երկրի ելույթի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել հետաքրքիր դեկորացիաներ` համահունչ երգի շոկոլադե թեմատիկային:

Միակ մտահոգությունը վերաբերում է ելույթի ընթացքում էկրաններին հայտնվելիք գրաֆիկական լուծումներին, որոնք եղել են ոչ թե իրենց ,այլ մրցույթի ռեժիսորի ընտրությունը:

Հայաստանը մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ:«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը այս տարի Puzzle Man է: Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը: Այս տարի, նախորդ մեկի փոխարեն, կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել «Մանկական Եվրատեսիլ-2014»-ին:

Մրցույթը կմեկնաբանեն «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի հայաստանյան մասնակից Դալիթան եւ Առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը: Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավոր կլինի ունկնդրել նաեւ Հայաստանի հանրային ռադիոյով:

Մրցույթին մասնակցում է 12 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան , Շվեդիան:

Հայաստանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա մրցույթը դիտել Առաջին ալիքով նոյեմբերի 30-ին` ժամը 21:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում