Հարցազրույց

Արցախում թողել եմ հուշանվեր. Պլասիդո Դոմինգո- կրտսեր

9 րոպեի ընթերցում

Արցախում թողել եմ հուշանվեր. Պլասիդո Դոմինգո- կրտսեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո -կրտսերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասցրեց երեք աննկարագրելի համերգներով հանդես գալ Երևանում և Ստեփանակերտում: Մի քանի օր ապրելով մեզ մոտ` նա հասցրեց սիրել հայերին, Հայաստանը և Արցախը: Սիրեց և խոստացավ կրկին գալ մեր երկիր: Արցախում հանդես գալու կապակցությամբ մեր հարևան երկրում խառնաշփոթ առաջացրած երգիչը Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի, որոնց մասին Դոմինգո- կրտսերը պատմեց «Արմենպրես»-ի թղթակցին:

-Պարոն Դոմինգո, Դուք արդեն հասցրել եք համերգներով հանդես գալ Ղարաբաղում և Երևանում: Եթե Ձեզ կրկին հրավիրեն Հայաստան, կվերադառնա՞ք այստեղ:

-Այո, անպայման, մեծ հաճույքով կգամ Հայաստան ոչ միայն երգելու նպատակով, այլև պարզապես կայցելեմ ձեր երկիր: Կարծում եմ, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Ես այս աշխարհում տարբեր վայրերում եմ եղել, բայց ձեր քաղաքը, մարդկանց և մթնոլորտը շատ սիրեցի և շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Երանի~ ավելի երկար մնայի այստեղ և ձեր երկրի մշակույթի և մարդկանց մասին շատ բան սովորեի: Հաստատ այստեղ նորից կգամ և ինձ հետ կբերեմ նաև այլ երաժիշտների և ավելի շատ միջոցառումներ կկազմակերպեմ ձեզ մոտ, որովհետև ձեր հանդիսատեսը հիասքանչ է: Շատ սիրեցի «Արամ Խաչատրյան» համերգասրահը, այն չափազանց գեղեցիկ էր:

-Նոյեմբերի 21-ին Դուք հանդես եկաք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր համագործակցությունը երաժիշտների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ:

-Կարծում եմ, երիտասարդները ֆանտաստիկ էին նվագում: Դե, իսկ մաեստրո Սերգեյը տաղանդավոր և հիասքանչ երիտասարդ է: Հաճելի է ունենալ նման երիտասարդ երաժիշտներ, ովքեր սիրում են նվագել և խանդավառությամբ են վերաբերվում երաժշտությանը:

-Շառլ Ազնավուրի «La boheme» երգը Ձեր կատարմամբ իսկապես մեծ նվեր էր հայ հանդիսատեսին:

-Ինձ ասել էին, որ մեծանուն արվեստագետ Շառլ Ազնավուրին Հայաստանում շատ-շատ են սիրում : Նա հայրիկիս հետ երգել է` նրանք հանդես են եկել զուգերգով : Ես տեսա պարոն Ազնավուրին 2011-ի աշնանը ` Փարիզի «Օլիմպիա» թատրոնում երգելիս և շատ սիրեցի նրան: Երբ ինձ խնդրեցին երգել «La boheme» երգը, ես համաձայնեցի, բայց երբևէ այն չէի կատարել: Այնուհետև սկսեցի սովորել երգի բառերը և երաժշտությունը, դա ինձ համար համաշխարհային պրեմիերա էր: Ես կփորձեմ այն ավելի լավ սովորել:

-Ձեր երգացանկում կներառե՞ք «La boheme» -ը:

-Անպայման: Սա միջազգային երգ է, բոլորն այն գիտեն և սիրում են:

-Տեղյակ եմ, որ Արցախում թողել եք Ձեր մասնիկը` այնտեղ ծառ եք տնկել:

-Այո, Խաղաղության ծառուղում մի ծառ եմ տնկել: Արցախում հուշանվեր եմ թողել: Կարծում եմ, շատ հաճելի է լինել մի բանի մաս, որը կծաղկի երկար տարիներ: Շատ հուզիչ էր:

-Դուք նշել էիք, որ սկսել եք երգել ընդամենը երկու տարի առաջ: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ձեր հոր ուղիով ընթանալ:

-Հայրիկիս` Պլասիդո Դոմինգոյի համար պետք է մի քանի դեմո-երգեր պատրաստեի և ձայնագրեի դրանք: Երբ նա լսեց իմ ձայնը, հանկարծ հարցրեց. «Իսկ դու ինչու՞ չես երգում»: Ես պատասխանեցի` լավ, կերգեմ: Հետո նա սկսեց ինձ հրավիրել իր համերգներին մասնակցելու, և ես սկսեցի ավելի սովորել նրանից: Դե, ես սովորելու բան դեռ շատ ունեմ, բայց շատ երջանիկ եմ, որ երգում եմ:

- Ձեր հայրն աշխարհի ամենահայտնի երգիչներից մեկն է: Ի՞նչ զգացողություններ ունեք ամեն անգամ, երբ շփվում եք նման լեգենդի հետ:

-Այո, նա լեգենդ է: Ես շատ հպարտ եմ, որ նա իմ հայրն է, և շատ ուրախ եմ , որ նա այս 50 տարվա ընթացքում մեծ բարձունքներ է նվաճել: Նրա որդին լինելը և իր անունը կրելն ինձ համար մեծ պատիվ է: Նա ինձ մշտապես խորհուրդներ է տալիս, և մենք շատ կապված ենք: Այժմ, որպես երաժիշտ, նա օգնում է ինձ դառնալ ավելի լավը, և ես ընդունում եմ նրա բոլոր ասածները:

-Դուք երգեր եք գրել Լուչանո Պավարոտիի, Դայանա Ռոսի, Թոնի Բենեթի, Մայքլ Բոլթոնի և այլ հայտնի երգիչների, ինչպես նաև Ձեր հոր համար: Մի՞թե ավելի դժվար չէ գրել ստեղծագործություն սեփական ծնողի համար:

-Հայրս հզոր ձայն ունի , և երբ փորձում եմ նրա համար ստեղծագործություն գրել, վերհիշում եմ նրա ձայնը և այն, թե ինչ է նա կարողանում անել իր ձայնի հետ: Երբեմն, երբ նա լսում է իմ գրած երգերը, հանդես է գալիս առաջարկներով, հարցնում է` կարո՞ղ ենք փոխել ինչ-որ բան: Կամ էլ. «Ես այս հատվածն ավելի շատ եմ սիրում»: Նրա հետ ավելի հեշտ է աշխատելը, չէ՞ որ նա օտար չէ ինձ: Մյուսների հետ, գուցե, ավելի դժվար է, որովհետև մենք իրար լավ չգիտենք: Գիտեմ, որ հայրիկիս ցանկացած առաջարկ երգն ավելի լավը կդարձնի:

-Պլասիդո Դոմինգո -ավագի ստվերում հայտնվելուց չե՞ք վախեցել:

-Ոչ, չէի վախենում, որովհետև միշտ նրա ստվերում եմ եղել` լավ իմաստով կամ էլ` վատ: Նա իմ հայրն է, նա առաջինն է, հիմա ես եմ գալիս, և այն, ինչ ես անում եմ, ամբողջությամբ տարբերվում է նրա արածից: Համեմատելու բան չկա: Անհնար է, որովհետև նա այնպիսի մեծություն է, որ ես երբեք նրա կարգում չեմ հայտնվի: Մարդիկ կարող են իմ մասին ասել` նա այնքան էլ լավը չէ, որքան իր հայրը: Նորություն ասեք: Ես գիտեմ, որ ես հորս նման չեմ և նպատակ էլ չունեմ նրա նման լինել: Ես նպատակ ունեմ լինել այնպիսին, ինչպիսին կարող եմ նրանով, ինչ ես եմ անում: Հակառակ դեպքում իմաստ չկա: Բայց եթե ինձ նրա հետ են համեմատում, դա ինձ համար մեծ պատիվ է:

-Դոմինգո -ավագի հետ երբեմն նաև զուգերգեր եք կատարում:

-Շատ մտերմիկ և միևնույն ժամանակ շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծվում, որովհետև կատարման ընթացքում նա երբեմն իր ձեռքը դնում է իմ ուսին, և ես զգում եմ նրա ներկայությունը: Այն ինձ օգնում է և հանգստացնում: Նա առաջին հերթին իմ հայրն է, հետո Պլասիդո Դոմինգոն: Երբ ես նրա հետ բեմում եմ, մարդիկ մտածում են. «Օ~, նա Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում է»: Իսկ ես մտածում եմ, որ հայրիկիս հետ եմ:

-Ձեր եղբայրները նույնպե՞ս երգում են:

-Երկու եղբայր ունեմ: Մեկն ինձնից մեծ է և երգում է միայն հաճույքի համար, նվագում կիթառ, նաև ղեկավարում է իմ հայրիկի ռեստորանները: Փոքր եղբայրս հորս համերգային մենեջերն է` կազմակերպում է նրա համերգները, ինչպես նաև «Օպերալիա» միջազգային մրցույթի համակարգողն է:

-Ընտանիքով հաճա՞խ եք կարողանում միասին ժամանակ անցկացնել:

-Երբեմն ուղղակի հայրիկիս տեսնելու համար ճամփորդում եմ այն երկիր, որտեղ նա համերգ է տալիս, իսկ արձակուրդներին ընտանիքով մշտապես միասին ենք:

-Մոտ ժամանակներս պատրաստվում եք ներկայացնել Ձեր նոր ձայնասկավառակը: Ի՞նչ երգեր են ներառված նոր CD-ում:

-Այո, «Latidos» անունը կրող ձայնասկավառակս 11 լատինական երգերի հավաքածու է: Այն պարունակում է իսպաներեն և անգլերեն երգեր: Մոտ ժամանակներս կցանկանայի ձայնագրել զուգերգեր` աշխարհի տարբեր երկրների տաղանդավոր ներկայացուցիչների հետ` իրենց մայրենի լեզուներով:

-Հայերի հետ նույնպե՞ս:

-Այո, հայերի հետ ևս անպայման կհամագործակցեմ:

-Հայաստանից հետո ու՞ր եք պատրաստվում մեկնել:

-Համերգներով հանդես կգամ Իսպանիայում, Կոստա Ռիկայում: Մի քանի գաղափար ունեմ Ռուսաստանի համար: Մինչև տարեվերջ կգնամ նաև Հարավային Ամերիկա և Չինաստան:

Պլասիդո Դոմինգո- կրստերը հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին է: Դոմինգո- կրտսերը երգեր է գրել Լուչանո Պավարոտիի, Դայանա Ռոսի, Թոնի Բենեթի, Մայքլ Բոլթոնի, Պլասիդո Դոմինգո -ավագի և այլ երգիչների համար: Նա 2010թ. համագործակցել է «Գրեմմիի» մրցանակակիր Խուան Քրիստոբալ Լոսադայի և Sonic Projects Records-ի հետ և թողարկել իր Songs for Christmas/Canciones de Navidad ձայնասկավառակը և լատինական «Գրեմմի» մրցանակաբաշխությունում արժանացել «Տարվա մարդ» կոչմանը:

Պլասիդո Դոմինգո- ավագը Հայաստանում ելույթ է ունեցել 2010 թվականին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժորներ Իսրայել Գուրսկու և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում