Քաղաքականություն

Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ուղղում է այնպիսի միջոցների ձեռքբերմանը, որոնք արդեն առկա են հայկական զինանոցում. Մովսես Հակոբյան

11 րոպեի ընթերցում

Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ուղղում է այնպիսի միջոցների ձեռքբերմանը, որոնք արդեն առկա են հայկական զինանոցում. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի համար հրադադարի խախտումները պարզապես դարձել են վատ սովորույթ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ուժերը հետևում և վստահորեն վերահսկում են շփման գծում տիրող իրավիճակը: 2012 և 2013 թվականներին հակառակորդի կողմից ԼՂ զինուժին հասցված յուրաքանչյուր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրավոր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներկայացնում է անցնող տարվա ընթացքում ԼՂՀ ՊԲ-ի ձեռք բերած հաջողությունները, դեռեւս չլուծված խնդիրներն ու դժվարությունները:

-Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք տարին, ինչպե՞ս կբնութագրեք 2013-թվականը ԼՂՀ ՊԲ-ի և սահմանին կանգնած զինվորի համար:

-Անցնող 2013 թվականը Արցախի զինված ուժերի համար բավականին արդյունավետ տարի էր ինչպես անձնակազմի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության բարձրացման տեսանկյունից, այնպես էլ նրա նյութատեխնիկական բազայի ամրապնդման առումով: Տարվա ընթացքում նախատեսվել ու անց են կացվել բանակի ղեկավարման համակարգի, շտաբների, բոլոր աստիճանի հրամանատարների ու նրանց ենթակա անձնակազմների ու ստորաբաժանումների մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և ուսումնավարժական գործընթացներ, կազմակերպվել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ, զորատեսակները համալրվել են արդի պահանջներին համահունչ սպառազինությամբ և տեխնիկայի նոր խմբաքանակով, բավականին նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել պաշտպանական բնագծերի ամրապնդման, զորքերի թիկունքային ապահովման ուղղությամբ, լուրջ ուշադրություն է դարձվել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման վրա և այդպես շարունակ: Սակայն այս ամենով հանդերձ, անցնող բանակային տարվա ամենամեծ ձեռքբերումը կայանում է նրանում, որ Արցախի զինված ուժերը պատվով են կատարում իրենց առջև դրված հիմնական առաքելությունը, այն է՝ հարազատ ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովումը:

-Հասարակության հսկայական զանգված ուշադրությամբ և սրտացավությամբ է հետևում բանակում կատարվող իրադարձություններին և հատկապաես զինվորների մահվան դեպքերի մասին տեղեկատվությանը: Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե այս տարի սահմանին քանի զինվոր է մահացել, և նրանցից քանիսն են զոհվել խաղաղ պայմաններում:

-Յուրաքանչյուր զինվորի կորուստը Պաշտպանության բանակի հրամանատարության համար մեծ ցավ է, քանի որ նա մեզ համար ոչ միայն սոսկ զինվոր է, այլև որդի, եղբայր և վերջապես հայ մարդ, ով կենդանի լինելու դեպքում կարող էր դառնալ ընտանիքի հայր, ունենար հզոր ապագա և իր կարողություններով սեփական ավանդը բերեր մեր հայրենիքի շենացման գործին: Սակայն մեր տարածաշրջանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը՝ մի կողմից, և բանակային ծառայության առանձնահատկությունները՝ մյուս կողմից, կամա թե ակամա ենթադրում են նաև անսպասելի զարգացումներ, որոնց արդյունքում արձանագրվում են անցանկալի դեպքեր, այդ թվում, ցավոք, նաև՝ մահվան ելքով: Պետք է ասեմ, որ չնայած վերոնշյալ պատճառներին, ՊԲ հրամանատարությունը շարունակ քայլեր է ձեռնարկում հնարավորինս խուսափել նման արտակարգ դեպքերից և կորուստները հասցնել նվազագույնի: Ասեմ, որ նախորդ տարիների համեմատ` 2012թ-ին արձանագրված կորուստները եղել են ամենանվազագույնը, իսկ այս տարի` 2012-ի համեմատությամբ, ՊԲ-ում զոհերի եւ վիրավորների թիվը նվազել է 40%-ով: Բայց այս նվազումը մեզ համար ամենևին էլ չափանիշ չէ: Մեզ համար չափանիշ է այն իրավիճակը, երբ բանակում ընդհանրապես կբացառվեն մահվան ելքով դեպքերը: Սա չափազանց դժվար, բայց լուծելի խնդիր է:

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ սահմանին հակառակորդի կողմից զոհերի մեծ մասը վնասվածք են ստանում գլխի շրջանում: Կարելի է դա անզգուշության, անփութության և ոչ տեղեկացված լինելու հետևանք դիտել:

-Տարիներ շարունակ տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական առանձնահատուկ վիճակը մեզ՝ զինվորականներիս, շատ բան է սովորեցրել, այդ թվում նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կրելու առումով: Իրականում ես նման հայտարարություն արել եմ 2011 թվականին, երբ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից մենք ունեցանք 10 զոհ և 18 վիրավոր: Ստեղծված իրավիճակից ելնելով, մենք ձեռնամուխ եղանք մի շարք կոնկրետ քայլերի, որոնց արդյունքում, մարտական դիրքերում անձնակազմի անվտանգ ծառայությունն ապահովելու նպատակով, պաշտպանական գծի ողջ երկարությամբ վերակահավորվեց մեր դիտակետային համակարգը, կատարելագործվեց առաջնային գծի ղեկավարումը, լուրջ բարեփոխումներ կատարվեցին մարտական հերթապահություն կրող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ, և ամենակարևորը՝ իմ հրամանով՝ հակառակորդի մոտ անպատժելիության զգացողությունը վերացնելու համար, ձեռնարկվեցին մի շարք հակազդիչ միջոցառումներ: Այս ամենը շրջադարձային ազդեցություն ունեցավ շփման գծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակի վրա: Չեմ ուզում խորանալ կոնկրետ թվերի մեջ, միայն կարող եմ ասել, որ իմ խոստման համաձայն 2012 և 2013 թվականներին հակառակորդի կողմից մեզ հասցված յուրաքանչյուր կորստի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է 5 զոհ կամ վիրավոր: Բայց և այնպես, չնայած նման վիճակագրության, ի տարբերություն ադրբեջանական կողմի, մեզ համար անընդունելի է անգամ մեկ հայ զինվորի կորուստը: Մեր վերջնական նպատակն է բանակում բացառել մահվան ելքով դեպքերը, դրանք լինեն մարտական հերթապահության ժամանակ, թե այլ իրավիճակում:

-ՊԲ-ն ի՞նչ մեխանիզմներ է կիրառում, որպեսզի խաղաղ պայմաններում զոհերի թիվը նվազի:

-Խաղաղ պայմաններում զոհերից խուսափելու ճանապարհը մեկն է՝ զինվորը պետք է գիտակցի իր վրա դրված պատասխանատվության ծանրությունը և այն սուրբ առաքելության իմաստը, որը վերապահված է նրան կատարելու: Իսկ այդ գիտակցությունը մեկ օրում կամ մեկ տարում չէ, որ հնարավոր է ձևավորել մարդու մեջ: Սա մի երկարատև ու բազմակողմանի գործընթաց է, որը սկիզբ է առնում ընտանիքից, այն միջավայրից, որտեղ նա սովորել է կողքինի հետ շփվելու այբուբենը, անցել է դպրոցում մատուցվող ռազմահայրենասիրական դաստիրակության քուրայով և վերջապես, հասարակությունից ստացել է այն, ինչն անհրաժեշտ է հայրենիքի արժանի զավակ դառնալու համար... Բանակն այն հանգրվանն է, ուր մարդու մեջ հղկվում և ամբողջանում են նշված հատկանիշները և իհարկե, դրանց զուգահեռ ուսուցանվում ամենակարևորը՝ զինվորական գործը: Այսուհանդերձ, ես ամենևին էլ հակված չեմ թեթևացնելու այն պատասխանատվության բեռը, որն ընկած է բանակի բոլոր օղակների հրամանատարների վրա, քանի որ զինվորի անվտանգ ու օրինակելի ծառայության համար թիվ մեկ պատասխանատուն հենց հրամանատարն է... Բայց նորից եմ կրկնում, այստեղ իր բաժին անելիքն ունի նաև հասարակությունը:

-Թեպետ առկա է զինադադարի մասին որոշում, սակայն Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը, երբեմն դիվերսիոն գործողություններ իրականացնում: Պաշտպանության բանակն ինչպե՞ս է արձագանքում հակառակորդի արկածախնդրությանը:

- Ես քանիցս նշել եմ, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը նպատակային է և այն ուղղված է տարածաշրջանային լարվածության պահպանմանը: Դիվերսիոն գործողությունների մասով, պետք է ասեմ, որ նախորդ տարիների համեմատ դրանք ակնհայտ նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում մեր զորքերի կողմից անընդհատ դրսևորվող մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստականությամբ: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի խախտման դեպքերին, ապա դրանք հակառակորդի համար, պարզապես դարձել են վատ սովորույթ: Մեր առաջապահ ուժերը հետևում և վստահորեն վերահսկում են շփման գծում տիրող իրավիճակը և պատասխան գործողության են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

-Ադրբեջանն անտեսեց միջազգային հանրության հորդորները՝ հետ քաշելու դիպուկահարներին: Ադեկվատ համարո՞ւմ եք միջազգային կառույցների ու մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման մանդատն ունեցող ԵԱՀԿ-ի արձագանքը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների, դիպուկահար զենքերից քաղաքացիական ու զինվորական թիրախները խոցելու փաստերի նկատմամբ:

-Այդ հարցով կարող եք դիմել մեր երկրի դիվանագիտական կառույցներին, քանի որ հիմնականում նրանց է վերապահված ԵԱՀԿ-ի հետ շփումներ ունենալու և ծագած խնդիրը պարզելու իրավասությունը:

-Ադրբեջանում ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է և ադրբեջանական բանակն անընդհատ սպառազինվում է նոր ռազմատեխնիկայով: Արդյո՞ք ուժերի հավասարակշռությունը չի խախտվում և արդյո՞ք հայկական կողմը կարող է դիմագրավել հակառակորդին պատերազմի ժամանակ:

-Ռազմական բյուջեի ծավալային աճը դեռևս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանում նախատեսված ծախսային հատկացումները նպատակաուղղված են այն միջոցների ձեռք բերմանը, որոնց համարժեքն արդեն առկա է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, մենք հակառակը՝ հանգիստ ու անշշուկ շարունակում ենք հարստացնել և կատարելագործել արդեն մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության:

-Եվ վերջին հարցը, անընդհատ խոսում ենք Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին, սակայն հարցը կարծես թե ձգձգվում է: Դուք տեղյա՞կ եք, կան հստակ ժամկետներ՝ երբ կաշխատի օդանավակայանը և որքանո՞վ է անվտանգ նրա շահագործումը՝ հաշվի առնելով Բաքվից եկող հայտարարությունները:

-Բանակը օդանավակայանի շահագործման ժամկետների հետ կապված հարցով չի զբաղվում: Այդ հարցը կարող եք ուղղել ԼՂՀ կառավարությանն առընթեր ստեղծված համապասխան վարչությանը: Ինչ վերաբերում է շահագործումից հետո օդանավակայանի անվտանգ կենսագործունեության ապահովմանը, ապա նման խնդիր ստանալու դեպքում Արցախի զինված ուժերը պատրաստ են առաջադրանքը կատարել անթերի և լրիվ ծավալով:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում