7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանըհերքում է տարածված այն կարծիքը, թե հայ մարզիկները թիմային հաջողությունների չեն հասնում: 2011 թվականին, շախմատի աշխարհի թիմային առաջնության ավարտից հետո հայտնի դարձավ, որ չեմպիոնը Հայաստանի ընտրանին է` «օլիմպիական հաղթանակները չհաշված»: Այդ ժամանակ թիմի կազմում էր նաև Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ռոբերտին հանդիպեցինք Շախմատի տանը: Ավանդական է դարձել` «հանդիպման վայրը չփոխելը»:Ռոբերտը եկավ պայմանավորված ժամին: Առաջին հայացքից չէիք ասի, թե եկողը աշխարհի թիմային առաջնության դեռևս գործող չեմպիոն թիմի անդամ է: Իր թիմակիցների նման համեստությամբ աչքի ընկնող Ռոբերտն էլ նույն լրջությամբ պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:
-Ռոբերտ, պատմեք խնդրեմ` ինչպես սկսեցիք շախմատ խաղալ:
-Հայրս է ինձ սովորեցրել շախմատ խաղալը: Արդեն չեմ էլ հիշում` 4 թե 5 տարեկան էի: Սկզբում միմյանց հետ էինք խաղում: Հետո ինչ որ գիրք գտանք: Այդ ժամանակ սկսեցի գրքով մարզվել: Վեց տարեկանից գնացի դպրոց: Եվ այդ ժամանակ էլ սկսեցի «պայքարը» կարգեր լրացնելու համար : Դե, հայրս սիրողական մակարդակի շախմատիստ է, չնայած որ իր երիտասարդության տարիներին Հայաստանում շախմատն արդեն մեծ տարածում ուներ, բայց նա լրջորեն չի զբաղվել: Այսօր էլ նա բավական լավ է խաղում, կարծում եմ` հիմա առաջին կարգի մակարդակով շախմատ է խաղում:
-Ունե՞ք սիրելի շախմատիստ, ում պարտիաները օրինակ են կամ…
-Եթե ասեմ Մագնուս Կարլսենը, ով «թիվ 1» շախմատիստն է, մի քիչ այն չի լինի: Ավելի լավ է անկեղծ ասեմ, որ դա Մայքլ Ադամսն է: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, հատկապես, հենց սկզբնախաղը: Թեպետ ես այլ կերպ եմ խաղում, նրա նման չէ : Իսկ հայ շախմատիստներից` բոլորս էլ սիրում ենք Լևոն Արոնյանի խաղը: Ես մարզվում էի Վլադիմիր Հակոբյանի հետ և նրա շախմատային հասկացողությունը, մոտեցումներն են ինձ դուր գալիս:
-Ասում եք Հակոբյանի շախմատային հասկացողությունը, ի՞նչը նկատի ունեք:
-Հակոբյանը, նախ, շատ փորձառու է, և շախմատի մեջ սիրում է «ճիշտ»-ը: Սովորաբար, Հակոբյանը կտրուկ քայլեր չի անում, անգամ երբ շատ սուր դիրքային պայքար է լինում, որը կարող է ընդհանուր առմամբ և վատանցնել կամ լավացնել դիրքը, նա չի գնում նման քայլերի: Նա հուսալի քայլեր է անում: Եթե գիտե, որ ճիշտը սա է, ուրեմն դա է կատարում:
-Ունե՞ք սիրելի խաղաքար և մի անմոռաց պարտիա:
-Դե, ամենագեղեցիկ խաղաքարը գուցե հենց ձին է: Իսկ սիրելի պարտիաները շատ են: 2011 թվականին` Հայաստանի առաջնության ժամանակ, Հրանտ Մելքումյանի հետ անցկացրած հերթական պարտիայի վերջնախաղը չեմ մոռանում: Այն անսպասելի էր, միևնույն ժամանակ, գեղեցիկ: Կարծում եմ` ոչ մեկն էլ չէր սպասում, որ վերջնախաղում ես կպայքարեմ հաղթանակի համար:
-Գուցե հենց այդ վերջնախաղն էլ Ձեզ հաղթող դարձրեց ու ընդգրկվեցիք հավաքականի կազմում և 2011 թվականին դարձաք աշխարհի չեմպիոն: Այժմ Ձեզ համար նկատելի՞ են մեր հավաքականի ուժեղ և թույլ կողմերը:
-Նկատելի մի այսպիսի բան կա. և շախմատիստները, և, ընդհանրապես, հայերը, շատ հաճախ գլուխ են պահում, չեն ուզում մարզվել: Բայց, կարծես գենետիկորեն, մի բան էլ կա, եթե տրամադրվում ենք հաղթանակի համար խաղալու, ուրեմն խաղում ենք միայն հաղթանակի համար: Մի քիչ այլ է թիմային խաղը: Իմ կարծիքով, երբ զգում ես, որ պարտավորվածությունը միայն քեզ վրա չէ, ապա ավելի հանգիստ ես մոտենում, որը շատ վատ է թիմային հաղթանակների համար: Իսկ թիմում տղաները շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Պարզվում է` շախմատում մենք միավորված ազգ ենք:
-Անշուշտ, հետևեցիք Եվրոպայի առաջնությունում մեր թիմի խաղին: Վերջաբանը շատ տխրեցնող եղավ:
-Եվրոպայի առաջնությունում կարծես մոտիվացիայի խնդիր կա: Մենք կարծես ավելի շատ շեշտը դնում ենք աշխարհի առաջնության և օլիմպիական մրցումների վրա: Ադրբեջանի հետ վերջին պարտիայում սպիտակներով խաղացողներին չհաջողվեց առավելություն հասնել, և դրանով իսկ պարտիան բարդացավ: Իսկ, օրինակ, 2011 թվականին, երբ հանդիպում էի տանտերերի հետ, նրանք վստահաբար ասում էին, որ չեմպիոն ենք դառնալու: Ինձ համար, որպես թիմի նորեկի, մի քիչ տարօրինակ էր, քանի որ վարկանիշային ցուցակով բավական հետ էինք ֆավորիտներից: Բայց չեմպիոն դարձանք:
-Հիմա շարունակվում է Անանդ-Կարլսեն մրցավեճը: Ձեր կարծիքով` մրցաշարի ելքը որոշվա՞ծ է, թե՞ Անանդը կփորձի հետ բերել կորցրածը:
-Վերջին երկու տուրերից հետո ինձ մոտ տպավորություն չկա, թե Անանդը փորձում է հետ բերել կորցրածը: Կարլսենը, եթե շատ մեծ ցանկություն ունենար, ապա այդ երկու հաղթանակներից հետո, երբ Անանդը նոկդաունի մեջ էր, կարող էր միանգամից վերջացնել: Սակայն ինչպես երևում է, Մագնուսը չի ցանկանում շուտ ավարտել: Իրեն կարծես ձեռնտու է այս հաշիվը, և նա ցանկանում է պահպանել այն: Իսկ Անանդի խաղն այնքան վատ է, որ դրանով անհնարին է հետ բերել կորցրած միավորները:
-Հայե՞րն են սիրում շախմատը, թե՞ շախմատ` հայերին:
-Ինձ թվում է, շախմատը ազգությունը չի տարբերում, բայց վստահ կարող եմ ասել, որ մենք ենք շատ սիրում շախմատը :
-Ինչպիսի՞ն է անցնող տարին Ձեզ համար:
Այս տարին վայրիվերումներով լի տարի էր: Երկու մրցաշարերում շատ վատ հանդես եկա: Տարեսկզբի հետ համեմատած` հիմա վարկանիշս ընկել է: Նման բան վերջին շրջանում չէր եղել, որ ես վարկանիշի անկում ունենայի: Ուրախացնող բան էլ կա, ինչպես օրինակ` Ջերմուկում հաղթեցի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում: Իսկ եթե ինքս ինձ մեկից հինգ բալով գնահատեմ, ապա` երկու կնշանակեմ (ծիծաղում է):
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվանից:
-Ամեն ինչ անելու եմ իմ խաղը վերագտնելու համար: Հունվարին կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը, այնուհետև, երևի կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, որը կկայանա Երևանում:
Հարցազրույցը վարեց Վարվառա Հայրապետյանը