Իրավունք

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենների համագործակցության արդյունքում Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը երեկ հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի պատասխան կայքի հոդվածին, Եվրոպական Օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը, տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:

Սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի Օմբուդսմենի ներկայացուցիչը (Օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ Օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:

Միջադեպից հետո Ադրբեջանի Օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում