Մշակույթ

Սունդուկյանի «Պեպոն» երկրորդ էկրանավորում կունենա

5 րոպեի ընթերցում

Սունդուկյանի «Պեպոն» երկրորդ էկրանավորում կունենա

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն նորովի կնկարահանվի. հայաստանյան կիոարտադրությունում հանդիսատեսին իր դետեկտիվ ֆիլմերով ծանոթ Getrik Productionկինոընկերության նախաձեռնությամբ հաշված օրեր անց կմեկնարկի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքը: Ֆիլմի մեծ էկրանին հայտնվելու ժամկետը նախանշված է 2014 թվականի փետրվարը:

Կինոժապավենի սցենարի հեղինակ և պրոդյուսեր ժիրայր Հակոբյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ սցենարը պատրաստ է դեռ 2009 թվականից, սակայն մի կողմ է դրել այն, քանի որ համարել է, որ դեռ նկարահանման ժամանակը չէ: Որոշ ժամանակ անց «Պեպո»-ի համար ռեժիսոր գտնելու փնտրտուքներում նա ծանոթացել է Վահան Խաչատրյանի հետ, ում և վստահել է կինոաշխատանքի նկարահանման պատասխանատվությունը:

«Նոր տարբերակն առաջին էկրանավորմանը կրկնելու փորձ չի լինելու: Ես չեմ փորձում համեմատվել Համո Բեկնազարյանի հետ, ավելին` ես այդքան չկամ էլ»,- ժպիօտով ասաց նա: Ստեղծագործական խումբը նպատակ չունի գերազանցել վաղուց արդեն դասական արժեք դարձած և սիրված կինոաշխատանքը, փոխարենը սա սունդուկյանական ոճով արդիական թեմային նոր անդրադարձ է:

«Գաղափարն այն է, որ Պեպոյի կերպարը կորչում է, և քանի դեռ այն ամբողջությամբ չի կորել, պետք է սթափվենք, արթնանանք` շատ բաների նորովի նայելու համար»,- նշեց ֆիլմի պրոդյուսերը` ավելացնելով, որ տարբեր հեղինակներ, տարբեր ժամանակներում յուրովի կարող են մեկնաբանել ստեղծագործությունը:

«Դժվարույթունները պետք չէ ուրիշի վրա բարդել, վերցնում ենք օտարից ինչ-որ բան ասում ենք մոդայիկ է և մատուցում ենք: Հաճախ ես ինքս էլ եմ նման կերպ եմ վարվում, բայց այդպես ճիշտ չէ, հենց այդ և մերն ենք ցանկանում ներկայացնել հանդիսատեսին»,- պարզաբանեց Getrik Productionընկերության տնօրենը:

Նրա խոսքով` արդեն հաստատված է դերասանների ցանկը, սակայն գլխավոր հերոսի` Պեպոյի դերակատարի անունը ստեղծագործական խմբի որոշմամբ մինչ պրեմիերան հանրությանը հայտնի չի լինելու: «Գլխավոր հերոսի դերակատարին չենք բացահայտի: Արվեստի բնագավառում նա հայտնի մարդ է, սակայն բացառված չէ, որ լայն զանգվածները նրան այդքան էլ լավ չեն ճանաչում»,- ասաց ռեժիսոր Վահան Խաչատրյանը, ում հավաստմամբ` ընտրված դերասանը շատ տաղանդավոր է:

«Որքան էլ մարդիկ դա վերագրեն մեր կողմից PR քայլի , չեմ ցանկանում, որ դերասանական խանդ լինի, դա իրականում վատ բան չէ, բայց այս պարագայում անուն չհրապարակելը խանգարում է դերասանին իր դերի վրա կենտրոնանալուն»,- ընդգծեց ռեժիսորը: Ի դեպ, նա հեռուստադիտողին հայտնի է Վանա լճի Աղթամար կղզում գտնվողՍուրբ Խաչ տաճարի մասին պատմող «Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմով:

«Պեպո»-ի նկարահանման համար անհրաժեշտ ֆինանսավորումը ամբողջությամբ իր վրա է վերցրել Getrik Production-ը: «Պետությունն առանց այն էլ իր մի շարք խնդիրներն ունի, փորձենք օգնել պետությանը ոչ թե պետությունից փող խնդրենք»,- ասաց ֆիլմի պրոդյուսերը` հավելելելով, որ իրենք փնտրում են գործընկերներ, ովքեր պատրաստ կլինեն համագործակցել:

Ի տարբերություն այլ ֆիլմերի` «Պեպո»-ն փառատոնային ընթացք չի կանխագուշակում, փոխարենը հեղինակները շեշտում են, որ այն առաջին հերթին հայ հասարակության համար նկարահանվող ֆիլմ է: «Մենք նկարահանում ենք մեզ համար, նկարահանում ենք այն, ինչ ցանկանում ենք ասել, քանի որ կա կուտակված խնդիր, որով ցանկանում ենք կսվել հարևանի, կողակցի, փողոցով քայլող հայի հետ»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն Օշականում, հնարավոր է, որ դրանք առաջիկայում ընդգրկեն նաև Վրաստանը:

Ռեժիսոր Համո Բեկնազարյանի կողմից նկարահանված «Պեպո» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1935 թվականի հունիսի 15-ին: «Պեպո»-ն համարվում է առաջին հայկական հնչյունային ֆիլմը` հիմնված Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը: Գլխավոր դերակատարը ևաղքատ ձկնորս Պեպոյին մարմնավորող մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանն է, իսկ խարդախ առևտրական Զիմզիմովի դերում Ավետ Ավետիսյանն էր:

Զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում