Քաղաքականություն

Պուտինի այցը Հայաստան քաղաքական մեսիջ կարող է լինել ՄՄ անդամ երկրների համար

2 րոպեի ընթերցում

Պուտինի այցը Հայաստան քաղաքական մեսիջ կարող է լինել ՄՄ անդամ երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի նպատակներից մեկը Մաքսային միությանն անդամակցության Հայաստանի որոշմանը սատարելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Պուտինի այցը Հայաստան նաև որոշակի քաղաքական մեսիջ կլինի Մաքսային միության անդամ մյուս երկրների համար, որոնք Ռուսաստանի հետ իրենց հարցերն ունեն»,- ասաց քաղաքագետը՟ նշելով, որ այցի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների մի շարք կարևոր թեմաներ:

«Նախագահները կքննարկեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շարունակությանը, տնտեսական և էներգետիկ ոլորտներին առնչվող հարցեր: Դրանք կլինեն նաև Երևանում նախագահների մասնակցությամբ անցկացվելիք հայ-ռուսական գործարար համաժողովի շրջանակներում»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամկետի ընտրությունը քաղաքագետը տրամաբանական է համարում` նշելով, որ նոյեմբերի 28-29-ը կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները և Արևելյան համագործակցության երկրների վերաբերմունքը կնախորոշեն Պուտին-Սարգսյան հանդիպման հարցերը: «Հասկանալի է, թե ինչու դա տեղի կունենա դեկտեմբերի սկզբին. այցը հնարավոր չէր ավելի շուտ, քանի որ կային հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնք պետք է պարզաբանվեին: Հայկական կողմը, որը շարունակելու է իր կոմպլեմենտար քաղաքականությունը և եվրոպական ուղղությունը փորձելու է պահել որպես առաջնային կարևոր ուղղություններից մեկը, չէր ցանկանա, որ Պուտինի այցը լիներ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի խոսքով, ռուսական կողմի համար գագաթնաժողովի արդյունքները կարևոր են ոչ միայն Հայաստանի առումով, այլև հետխորհրդային տարածքում Մոսկվայի համար ավելի կարևոր խնդրի` Ուկրաինա-ԵՄ խորացող հարաբերությունների հարցի տեսանկյունից:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Հայաստանում կլինի դեկտեմբերի 1-2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում