Ինտերպոլի անդամ երկրներում ինն ամսում հայտնաբերվել է ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող 104 անձ
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Հանրապետությունում հոկտեմբերի 21-25-ը կայացել է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել են Ինտերպոլի 142 անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո (ԱԿԲ) պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արա Ֆիդանյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակությունը նաեւ հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ: Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված են եղել մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում` Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը` երեխաների սեռական շահագործման, ահաբեկչության, թրաֆիքինգի, ծովահենության, հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Քննարկվել են նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ կազմակերպության գործունեության հետ կապված կարեւորագույն հարցեր, ընդունվել են համապատասխան որոշումներ: Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ գործունեության, միջազգային գործակցության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է կառույցի ղեկավար, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանի հետ:
-Պրն Ֆիդանյան, քսանմեկ տարին լուրջ ժամանակահատված է ամփոփելու անցած ուղին եւ գնահատելու ձեռքբերումները:
-Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին Հայաստանն անդամակցում է 1992թ. նոյեմբերի 4-ից եւ կարողացել է այդ ժամանակահատվածում դառնալ մոտ մեկդարյա պատմություն ունեցող կազմակերպության լիիրավ անդամ: Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ն այսօր 190 անդամ երկրների ԱԿԲ-ներից լավագույններից մեկն է` աշխատանքային բարձր կազմակերպվածության, արդյունավետ գործունեության, անձնակազմի և ղեկավարության մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի, տեխնիկական հագեցվածության շնորհիվ: 2005թ-ից Հայաստանը, ռոտացիայի սկզբունքով, 4 տարով ընտրվել էր Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ, ինչը մեր ԱԿԲ-ի բարձր վարկանիշ ունենալու արգասիքն է: Պետք է ասեմ, որ Բյուրոն իր առօրյա գործունեությամբ շարունակում է քայլեր ձեռնարկել ոստիկանության և այլ իրավապահ մարմինների ու միջազգային կազմակերպությունների համագործակցության բարելավման, հետախուզման մեջ գտնվող հանցագործների հայտնաբերման, ահաբեկչության և դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, մարդկանց ապօրինի թրաֆիկինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի, հափշտակված տրանսպորտային միջոցների և մշակութային արժեքների ապօրինի շրջանառության, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված և հանցավորության այլ դրսևորումների դեմ մղվող պայքարի ուղղությամբ:
-Ինտորպոլի անդամ քանի՞ պետության հետ ունենք գործակցություն եւ ինչ մակարդակի վրա է այդ համագործակցությունը, ինչպե՞ս եք գնահատում արդյունավետությունը եւ, ո՞ր երկրների հետ է կապն առավել ամուր:
-ԱԿԲ-ն համագործակցում է Ինտերպոլի անդամ բոլոր երկրների հետ, սակայն հիմնական գործընկերներ են Ինտերպոլի անդամ 89 երկրներ, որոնցից առավել ակտիվ է կապը ՌԴ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, ԱՄՆ, Ուկրաինայի, Շվեդիայի, Լեհաստանի, Վրաստանի, Իրանի, Բելգիայի, Նիդերլանդների, Չինաստանի հետ:
- Հանցավորության դեմ պայքարը ազգություն, սահմաններ չի ճանաչում եւ զարգացող աշխարհում ամենակարեւոր խնդիրը թերեւս միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է: Հայաստանն ին՞չ մասնակցություն ունի համամարդկային այդ չարիքի դեմ պայքարի հարցում:
-Ինտերպոլը հանցավորության դեմ պայքարի իր առաջնային խնդիրներից մեկը համարում է ահաբեկչության և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների (ահաբեկչության ֆինանսավորում, զենք-զինամթերքի և թմրանյութերի ապօրինի շրջանառություն, ապօրինի միգրացիա, փողերի լվացման և այլն) դեմ պայքարը, որի կապակցությամբ ստեղծվել և գործում են կոնկրետ օպերատիվ ծրագրեր: Ներկայումս շրջանառության մեջ են դրված ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով սահմանված ՄԱԿ-Ինտերպոլ հատուկ քարտերը Ալ Քաիդա և Թալիբան շարժումների ներկայացուցիչների վերաբերյալ: Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության և անդամ երկրների կողմից պարբերաբար հրապարակվում են ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավված անձանց, կազմակերպությունների վերաբերյալ տվյալները, որոնք ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում ուսումնասիրվում, հաշվառվում և տրամադրվում են շահագրգիռ մարմիններին: Առանձնակի ուշադրություն է դարձվում ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավված այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ հրատարակվել են Ինտերպոլի հատուկ քարտեր:
Ուզում եմ նշել, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից կազմակերպվում են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց անմիջականորեն մասնակցում են ոչ միայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի, այլև ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչները:
-Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ կողմից քանի՞ հետախուզվող կա, այս տարվա ինը ամիսների ընթացքում քանիսն են հայտնաբերվել ու վերադարձվել մեր երկիր և այլ պետությունների կողմից հետախուզվող քանի՞ անձ է հայտնաբերվել ու էքստրադիցիայի ենթարկվել:
-Հոկտեմբերի մեկի դրությամբ միջազգային հետախուզական աշխատանքներ են իրականացվում 307 անձանց նկատմամբ, որոնցից կազմակերպության հետախուզվողների ինտերնետային հասարակական վեբ էջում զետեղված են առավել նշանակալի գործերով անցնող 11 հետախուզվողների տվյալները: Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ինտերպոլի անդամ երկրներում հայտնաբերվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 104 անձինք, որոնցից 74-ը ձերբակալվել են, իսկ 14-ը ենթարկվել էքստրադիցիայի:
Հայաստանում հայտնաբերվել են Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող 33 անձինք, որոնցից 18-ը ձերբակալվել են, իսկ 2-ը ենթարկվել էքստրադիցիայի: Ստացվել են նաև հարցումներ 7 չճանաչված դիակների վերաբերյալ, որոնցից 2-ը նույնացվել են:
Հարցազրույցը` Մարինե Ավանեսյանի